Մենք սպասում էինք, որ Բաքվի Եվրոպական խաղերից հետո սահմանային իրավիճակը կրկին կլարվի. Դավիթ Ջամալյան
ИНТЕРВЬЮ
Ադրբեջանական զինված ուժերի կողմից այս շաբաթ նկատվեց սահմանային սադրանքների աճ:
Past.am-ի հետ զրույցում այդ ամենի պատճառները վերլուծեց ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը:
«Մենք սպասում էինք, որ Բաքվի Եվրոպական խաղերից հետո սահմանային իրավիճակը կրկին կլարվի: Մեզ համար անսպասելի ոչինչ տեղի չի ունեցել: Մենք շատ լավ գիտակցում ենք, որ Բաքվում քաղաքական կուրս չի փոխվել: Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա պաշտոնական Բաքուն շահագրգռված է պետական սահմանին պարբերաբար լարվածության օջախներ ստեղծել»,- ասաց Դավիթ Ջամալյանը:
Վերջինս մեզ հետ զրույցում նշեց, որ աչքի առաջ ունենալով ադրբեջանցիների քաղաքական կուրսը՝ մենք պատրաստ ենք դիմակայել այդ նախահարձակ գործողություններին:
«Կարող եմ ամենայն պատասխանատվությամբ հայտարարել, որ մեր զինված ուժերը միշտ պատրաստ են թշնամու այս կամ այն անակնկալին հավուր պատշաճի պատասխանել: Անհրաժեշտության դեպքում կարող ենք դիմել կանխարգելիչ գործողությունների: Պաշտպանության նախարարի շատ կոնկրետ ու հստակ դիրքորոշումն է՝ թույլ չտալ, որպեսզի պետական սահմանին թշնամին ունենա առավելություն՝ լինի դա հոգեբանական, բուն ռազմական, մարտավարական, թե տեղային»,- ասաց ռազմական փորձագետը:
Հարցին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջանային այցելությա՞մբ են պայմանավորված են այս սադրանքները, փորձագետը պատասխանեց, որ երբ Ադրբեջանն ապակայունացնում է սահմանը, նա մի քանի խնդիր է փորձում դրանով լուծել՝ ներքաղաքական, արտաքին քաղաքական: Դավիթ Ջամալյանի կարծիքով՝ չի կարելի նաև բացառել միջնորդ երկրների համանախագահների այցերի հանգամանքը:
«Կրկնում եմ՝ շատ լավ գիտենք, որ Ադրբեջանում շահագրգռված են սրել թե՛ Հայաստանի Հանրապետության, թե՛ Արցախի պետական սահմանի իրավիճակը: Իրատես լինենք, այդ կուրսը նրանք երկար են շարունակելու: Պատրանքների պետք չէ տրվել, մենք պետք է պատրաստ լինենք ոչ միայն պատասխան տալ, այլև չեզոքացնել բոլոր ռազմական վտանգները»,-ասաց Դավիթ Ջամալյանը:
Լևոն Փանոսյան




















































