Պալմիրայի ազատագրումը լուրջ հոգեբանական և քարոզչական նշանակություն ունեցավ. արաբագետ
ИНТЕРВЬЮ
Ինչպես հայտնի է, Սիրիայի կառավարական զորքերը, ռուսական զինված ուժերի աջակցությամբ, վերադարձրել են պատմական Պալմիրա քաղաքի նկատմամբ վերահսկողությունը:
Past.am-ի հարցին՝ շրջադարձային նշանակություն կունենա՞ այդ գործողությունը Սիրիայի համար, արաբագետ Արմեն Պետրոսյանը պատասխանեց, որ դժվար է ասել:
«Պետք է ֆիքսենք, որ պատմական Պալմիրայի ազատագրումն «Իսլամական պետության» դեմ պայքարի ամենախոշոր հաղթանակն էր, որն արձանագրեցին կառավարական ուժերը: Սրանից առաջ, իհարկե, եղել են այլ հաջողություններ ևս, բայց Պալմիրայի նշանակությունն ամենահնչեղն էր և հնչեղ էր մի քանի տեսանկյունից. առաջինը՝ քարոզչական և հոգեբանական տեսանկյունից, քանի որ, ինչպես ականատես ենք լինում, ամբողջ աշխարհն է խոսում այս մասին:
Բայց շատ ավելի կարևոր գործողություններ են սպասվում ԻՊ-ի դեմ պայքարի այլ ուղղությամբ, մասնավորապես դեպի ավելի արևելք՝ Դեր Զորը, որը գրավելով՝ վերահսկողություն կլինի Իրաքի հետ սահմանում»,- նշեց արաբագետը:
Արմեն Պետրոսյանի խոսքով՝շրջադարձի մասին կարելի կլինի խոսել այն ժամանակ, երբ կառավարական ուժերը կանգ չառնեն Պալմիրայով:
Մեր զրուցակիցն այս հարցում թերահավատ է: «Կրկնում եմ՝ լուրջ հոգեբանական և քարոզչական նշանակություն ունի այդ գործողությունը, քանի որ հաստատված է հարաբերական հրադադարի ռեժիմ, նաև Սիրիայից դուրս` Ժնևում, ընթանում են բանակցություններ:
Այդ գործընթացների վրա հոգեբանական ազդեցության նպատակ էր հետապնդում Պալմիրայի ազատագրման գործողությունը, այսինքն՝ սրանով Ասադը փորձում է ապահովել դիրքերը և՛ բանակցային սեղանի շուրջ, և՛ ներսիրիական գործընթացներում»,- ասաց Արմեն Պետրոսյանը:
Լևոն Փանոսյան




















































