ՀԱԿ-ին մերժում են. Մարտի 1-ի զոհերի հիշատակի օրը օրենքով չի ամրագրվի
ПОЛИТИКАՎաղը կառավարությունը կքննարկի ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավորներ Լեւոն Զուրաբյանի, Ստեփան Դեմիրճյանի, Արամ Մանուկյանի եւ Գագիկ Ջհանգիրյանի օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած նախագիծը, որով նախատեսվում է ամեն տարի մարտի 1-ը նշել որպես 2008 թվականի մարտի 1-ի զոհերի հիշատակի եւ պետական ահաբեկչության ու բռնաճնշումների դեմ համազգային բողոքի օր:
Կառավարության դիրքորոշումը նիստում կներկայացնի արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը: Ըստ արդարադատության նախարարության փորձագիտական եզրակացության՝ այս նախագիծը հիմնված է քաղաքական գնահատականների վրա: ՀԱԿ-ի ներկայացրած օրենսդրական նախագծում նշված է, որ թեեւ ֆորմալ առումով շարունակվում է մարտի 1-ի սպանությունների գործով նախաքննությունը, ըստ էության, դրանցով վարույթը կասեցված է եւ հանցագործների բացահայտմանն ուղղված քննչական գործողություններ, օպերատիվ հետախուզական միջոցառումներ փաստորեն չեն կատարվում: Արդարադատության նախարարությունը սա համարում է քաղաքական գնահատական իշխանությունների, դրա առանձին մարմինների աշխատանքի վերաբերյալ: ՀԱԿ-ը ձեւակերպել է նաեւ «պետական ահաբեկչություն» հասկացությունը, որը նախատեսված չէ ՀՀ օրենսդրությամբ: Կառավարության պատասխանն արդեն հայտնի է՝ մերժում:
Գագիկ Աղբալյան



