«Առավոտ». Հավատալ, ներել, կարեկցել, սիրել չի նշանակում եկեղեցի կառուցել
ОБЩЕСТВОՆերկայացնում ենք թերթի խմբագրականից մի հատված.
«Հերթական մեծահարուստի կառուցած հերթական եկեղեցու բացումը: Ամենայն հայոց կաթողիկոսը խոսում է հոգևոր սննդի մասին, որը նախապայմանն է նյութական սննդի, հանապազօրյա հացի: Ներկա է ամբողջ վերնախավը, «ախրաննիկներն» ավելի շատ են, քան «հավատավոր զավակները»: Վերջիններիս թիկնապահները հրմշտում են՝ հորդորելով «ոտի տակ չընկնել»: Նորաբաց եկեղեցում կարգը կատարվում է «ընտրյալների» համար, հասարակ մարդիկ մուտք չունեն: Այնուհետև «վերնախավը» գնում է քեֆ անելու [ի դեպ, այն գործարարի «օբյեկտը», որը մի քանի ամիս առաջ խոստանում էր «իշխանափոխություն պարտադրել»], իսկ շարքային քաղաքացիները մնում են եկեղեցու բակում՝ կռիվ տալու մի կտոր մատաղի համար, որը, հավանաբար, մարմնավորում է հոգևոր և նյութական սննդի միասնությունը:
Արդյո՞ք այս միջոցառումն իր բոլոր «համեմունքներով» ամրապնդում է հավատը: Ինձ թվում է՝ ոչ: Որովհետև հավատալ, ներել, կարեկցել, սիրել չի նշանակում եկեղեցի կառուցել՝ դա չափից դուրս հեշտ ճանապարհ է, չափից դուրս «լայն դուռ է»: Իսկ ընտրախավի չափանիշները հոգևոր կյանքում հաստատ չեն համապատասխանում աշխարհիկ չափանիշներին և պայմանավորված չեն «ախրաննիկների» քանակով և սեղանների ճոխությամբ:
Ահա և ստացվում է, որ Վեհափառի՝ տեսականորեն ճիշտ խոսքերն այն մասին, որ ամեն ինչի, այդ թվում հանապազօրյա հացի, հիմքը հոգևոր արժեքներն են, կեղծ են հնչում»,–գրում է թերթի խմբագիրը։
Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։



