Կարմեն Դավթյանը՝ պատգամավոր դառնալու լուրերի մասին
ИНТЕРВЬЮ
Տևական ժամանակ է՝ մամուլում շրջանառվում է, որ 2017 թվականին խորհրդարանում կարող է հայտնվել նաև լրագրող, հաղորդավար Կարմեն Դավթյանը: Past.am-ը զրուցել է մեր գործընկերոջ հետ և պարզել նրա մոտեցումներն այդ հարցում:
- Տիկին Դավթյան, խոսվում է, որ հնարավոր է՝ Ձեզ տեսնենք «Հայկական վերածնունդ» կուսակցության ընտրացուցակում: Լուրերը համապատասխանո՞ւմ են իրականությանը:
- Կարծում եմ՝ խիստ անլուրջ է այս պահին նման քննարկումների գնալ անգամ մամուլի մակարդակով: Ես կարծում եմ, սա համապատասխան հետախուզական աշխատանք է որոշ շահագրգռիրների կողմից, որպեսզի հասկանան՝ նպատակադրումները, ծրագրերը ինչպիսին են: Ես, իմ բնույթին համապատասխան, չեմ բացում այդ ծրագրերը: Մտածում եմ՝ եթե այսպիսի պառլամենտ պետք է լինի, անգամ ցանկությունների մակարդակում նոնսենս է:
-Այսպիսի պառլամե՞տ, ի՞նչ նկատի ունեք:
-Ա՛յ, հիմա եկել եմ Ազգային ժողով, ուզում եմ որևէ մեկի հետ խոսել Սիրիայից, այնտեղից զորքերի դուրսբերումից, վերլուծական կոնտեքստի մասին, ուզում եմ խոսել Թուրքիայի՝ ԵՄ անդամակցության մասին, անդրադառնալ էմիգրանտների փաթեթներին, բայց ես այդտեղ մարդ չունեմ, որ մոտենամ ու խոսեմ: Ա՛յ, եթե լինի նման պառլամենտ, որտեղ կլինեն շատից-քչից այդպիսի մարդիկ, որոնց հետ կարելի է լուրջ դիսկուրսների գնալ, կտեսնեի մրցակցություն, պայքար:
- Չէի՞ք ուզենա մաս կազմել այդ քիչ մարդկանց թվին:
-Թեկուզ ես չլինեի, բայց կուզենայի, որ ունենայինք նման պառլամենտ: Միակ երազանքս է արդեն տարիներ ի վեր, որ այդ բեմի վրա «կքալեմ՝ կարոտելով, երազելով»:
-Բայց չէ՞ որ իշխանությունները խոսք են տալիս, որ 2017 թվականին պառլամենտը լինելու է ավելի ինտելեկտուալ:
-Մի´ հավատացեք իշխանությունների խոսքերին երբեք, Ստանիսլավսկին ասում է՝ не верю:
-Բայց չէ՞ որ ցուցակը կազմում են քաղաքական ուժերը, օրինակ՝ նույն «Հայկական վերածնունդն» ինքն է իր թեկնածուներին ընտրում, ստացվում է, որ քաղաքական ուժերի ձեռքում է, թե ինչպիսի պատգամավորներ կլինեն խորհրդարանում:
-Նախ՝ մի´ կապեք ինձ որևէ քաղաքական ուժի հետ, ես իմ ազատությունը չկորցնող տեսակներից եմ, թեկուզ լինեմ անդերգրաունդ՝ երկնքում, թե որտեղ: Ցուցակները կազմում են, չեն կազմում, չգիտեմ, ես ինքս չեմ առնչվում, կողքից խոսակցությունը գնում է, հետևում է: Առաջինը նայում եմ Աստծո կամքին:
-Աստված ուզո՞ւմ է, որ Կարմեն Դավթյանը դառնա պատգամավոր:
- Հիշեցի դեպք՝ ձեր հարցի հետ կապված: Վանո Սիրադեղյանն ինձ մի անգամ ասաց՝ գնա Աստծո հետ հարցազրույց արա:
- Ըստ Ձեզ՝ քաղաքականությանը մոտ գտնվող Ձեզ նման փորձառու մարդը չպե՞տք է լինի խորհրդարանում:
-Չգիտե՞ք, որ միջակությունը շատ ճարպիկ է պարապը լցնելու հարցում:
-Կարո՞ղ են լինել բացառութուններ:
-Դե, ես չգիտեմ, թե իմ դեպքում որը կաշխատի:
- Եթե լինեիք պատգամավոր, առաջին հերթին ի՞նչ նախաձեռնություններով հանդես կգայիք, ի՞նչը կփոխեիք:
-Չեմ հասել դրան, որպեսզի մտածեմ, նախ՝ ոտքից գլուխ փոխելու է, բայց նախ՝ ինձ կփոխեի, ինձ մոտ ստացվում է, ամբողջ ժամանակ գիտակցական կյանքս աշխատել եմ ինձ վրա, դա շատ նուրբ հարց է, բայց աշխատում եմ այդ ուղղությամբ:
Զրուցեց Լիլիթ Լալայանը




















































