Բագրատաշենի մաքսակետի պետի տեղակալը խոշոր չափի կաշառք է վերցրել. Գործն արդեն դատախազի մոտ է
ОБЩЕСТВОՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի Գուգարքի տարածաշրջանային մաքսատան Բագրատաշենի մաքսակետի պետի տեղակալ Արտուշ Ղուլյանը, ի պաշտոնե հանդիսանալով իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, դրամի ձեւով ստացել է առանձնապես խոշոր չափի կաշառք՝ կաշառք տվողի օգտին իր լիազորությունների շրջանակներում գործողություն կատարելու համար:
ՀՔԾ մամուլի ծառայությունից հայտնում են, որ մասնավորապես՝ Արտուշ Ղուլյանը Հովսեփ Ն.-ի եւ Տիգրան Ա.-ի կողմից «Ամալյա Ադամյան» ԱՁ-ի անվամբ Իտալիայից եւ Ֆրանսիայից Հայաստանի Հանրապետություն ներմուծվող օծանելիքը մաքսակետում Տիգրան Ա.-ի՝ որպես անհատի անվամբ վերաձեւակերպելու, անվանափոխելու եւ մաքսազերծելու համար 2007 թվականի հոկտեմբերի 14-ին նրանից պահանջել եւ իր աշխատասենյակում Հովսեփ Ն.-ից ստացել է շուրջ 5 հազ. 300 ԱՄՆ դոլար կաշառք, ինչից հետո նրա հանձնարարությամբ կատարվել են ներմուծվող ապրանքի մաքսային ձեւակերպման հետ կապված գործողությունները:
Բագրատաշենի մաքսակետի պետի տեղակալ Արտուշ Ղուլյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով:
Ասենք, որ Ա. Ղուլյանը հանցանք կատարելուց հետո 2007 թվականի հոկտեմբերի 22-ից մինչեւ 2015 թվականի ապրիլի 10-ը գտնվել է հետախուզման մեջ: 2015 թվականի ապրիլի 10-ին վերջինս ինքնակամ ներկայացել է ՀՀ ոստիկանություն:
Մինչդատական վարույթում Ա. Ղուլյանի նկատմամբ, դատարանի որոշմամբ, որպես խափանման միջոց ընտրվել էր կալանավորումը:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի Գուգարքի տարածաշրջանային մաքսատան Բագրատաշենի մաքսակետի պետի տեղակալ Արտուշ Ղուլյանի կողմից առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունը: Հիշյալ գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու եւ դատարան ուղարկելու համար:



