Այվազովսկու «9-րդ ալիքն» ընդգրկվել է ծովային թեմայով աշխարհի տասը լավագույն կտավների ցանկում
КУЛЬТУРАՀովհաննես Այվազովսկու «9-րդ ալիք» (1850թ.) ստեղծագործությունն ընդգրկվել է աշխարհի 10 լավագույն կտավների ցանկում, որոնք պատկերում են ծովի ալիքների անհավանական գեղեցկությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ցանկը կազմել է միջազգային հեղինակավոր The Creative Business բլոգը, որը նվիրված է արվեստին' հիմնականում լուսանկարչությանն ու գեղանկարչությանը: Ցանկը կազմել է գերմանացի հայտնի արվեստաբան, նկարչուհի Անդրեա Բեքլենդը, ում բազմաթիվ աշխատանքներ ընդգրկված են Գերմանիայի պետական, Հաագայի, Փարիզի, Լոնդոնի և Վաշինգտոնի մասնավոր հավաքածուներում: Տասնյակում ընդգրկված են Աբրահամ Ուիլարեթսի «Փոթորկոտ ծովը» (1629թ), Հոկուսայի «Կանագավայի հսկա ալիքը» (1829-1832թթ), Ուիլիամ Թըրների «Սառցե փոթորիկ» (1842թ.), Կլոդ Մոնեի «Էտրետատի փոթորկոտ ծովը» (1883թ.) և այլ աշխատանքներ:
The Creative Business բլոգը ստեղծել են Եվրոպայում և ԱՄՆ-ում գործունեություն ծավալող մի խումբ լուսանկարիչներ, նկարիչներ և արվեստաբաններ: Բլոգի նպատակն է սոցիալական մեդիայի միջոցով աշխարհին ներկայացնել ընթացիկ ցուցահանդեսների, աշխարհի ամենահայտնի թանգարաններում և պատկերասրահներում տեղի ունեցող իրադարձությունների մասին: Միաժամանակ, բլոգի համահիմնադիրներն արվեստը ներկայացնում են բիզնեսի տեսանկյունից և տարատեսակ թեմատիկ տասնյակների, վերլուծական հոդվածների միջոցով փորձում ապացուցել, որ արվեստի գործեր գնելը լավագույն ներդրումն է:



