ԼՀ Սեյմի փոխնախագահը կարևորել է ՀՀ մասնակցությունը Լեհաստանում քրիստոնեության ընդունման 1050-ամյակին
ПОЛИТИКАԼեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը մարտի 11-ին հանդիպում է ունեցել ԼՀ Սեյմի նախագահի տեղակալ Ռիչարդ Տերլեցկու հետ: Հանդիպմանը մասնակցել են նաև ԵԽԽՎ-ում Լեհաստանի պատվիրակության ղեկավար Վլոդժիմերժ Բերնացկին և Սեյմի միջազգային հարաբերությունների վարչության պետ Բոգդան Յանովսկին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանի և Լեհաստանի միջև միջխորհրդարանական բարեկամության զարգացմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Դեսպան Ղազարյանը կարևորել է Լեհաստանի խորհրդարանում Լեհաստան-Հայաստան բարեկամության խմբի ձևավորման որոշումը` վերահաստատելով հայկական կողմի՝ տվյալ հարթակում համագործակցության խորացման պատրաստակամությունը: Այս համատեքստում Ռիչարդ Տերլցկին նշել է, որ առաջիկա օրերին ձևավորվելիք խումբը նոր լիցք կհաղորդի երկու երկրների խորհրդարանականների կանոնավոր և պարբերական շփումներին ու փոխգործակցությանը:
Դեսպան Ղազարյանն իր շնորհավորանքներն է հղել Լեհաստանում քրիստոնեության ընդունման 1050-ամյակի առթիվ և շնորհակալություն հայտնել այդ կապակցությամբ կազմակերպվող պաշտոնական միջոցառումներին մասնակցելու նպատակով Հայաստանի խորհրդարանական պատվիրակության հրավիրելու համար: ԼՀ Սեյմի նախագահի տեղակալը, իր հերթին, կարևորել է Հայաստանի` իբրև առաջին քրիստոնեական երկրի, պատվիրակության մասնակցությունն այդ միջոցառումներին:



