Վարդան Օսկանյանը պահեց ինտրիգը
ПОЛИТИКАՆախկին ԲՀԿ-ական և արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը վստահեցնում է, որ իր կողմից ստեղծվելիք նոր կուսակցությունը որևէ կապ չունի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ:
Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Օսկանյանը չցանկացավ մանրամասնել, թե ովքեր են լինելու նորաստեղծ կուսակցության անդամները՝ այդպես էլ պահելով ինտրիգը:
«Շուտով կիմանաք: Հիմա կխուսափեի որևէ անուն տալ, ուղղակի հիմա կոռեկտ չէ: Վերջնական որոշում երբ կայացվի, իհարկե, կիմանաք»,- արձագանքեց պատգամավորը:
Պատասխանելով լրագրողների ճշտող հարցին, թե արդյոք Վահե Հովհաննիսյանը, Էլինար Վարդանյանը կամ Ստեփան Մարգարյանը կլինեն այդ կուսակցության անդամներ, ասաց, որ ո´չ հաստատում, ո´չ հերքում է, ապա նշեց, որ այս պահին չի ցանկանում անուններ տալ: Օսկանյանը նաև անդրադարձավ հարցին, թե ինչ ռեսուրսներով է պատրաստվում կուսակցաշինական աշխատանքներ ծավալել:
«Վարդան Օսկանյանի ռեսուրսով, կուսակցության ծրագրով, մեր անելիքներով, երկրի նկատմամբ մեր տեսլականով: Երեկ ես հստակորեն ասել եմ, որ Ռոբերտ Քոչարյանն այս կուսակցության հետ կապ չունի: Կրկնում եմ՝ ինձ չեմ դնելու իրավիճակի մեջ, որ ինձ անընդհատ տարանջատեմ Քոչարյանից: Ես այդպիսի խնդիր չունեմ: Այդ իշխանությունը շատ խնդիրներ ունեցել է տարբեր ոլորտներում, բայց մեծ հաջողություններ է ունեցել հատկապես այսօրվա տնտեսության, արտաքին քաղաքականության իրավիճակի ֆոնին: Կարծում եմ, որ դա այն ժամանակն էր, որ շատ հարցերով ժողովուրդը դրական է հիշում»,- մանրամասնեց Օսկանյանը՝ կրկին հերքելով, որ իր կուսակցությունը որևէ կապ չունի Քոչարյանի հետ:
Լիլիթ Լալայան



