Դպրոցի աշխատակազմով՝ ավագանի. Շիրակավանում հետաքրքիր վիճակ է
ПОЛИТИКАՇիրակի մարզի Շիրակավան համայնքում մարտի 20-ին անցկացվելիք ավագանու ընտրությունների թեկնածուների մեծ մասը նույն համայնքի դպրոցում է աշխատում:
Այսպես, ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքի՝ Շիրակավան համայնքի ավագանու ընտրությունների թեկնածուները ի սկզբանե եղել են յոթը, որից վեցը՝ Աղվան Աճամյանը, Կամո Թարվիզյանը, Սեդրակ Հակոբյանը, Թամարա Մկրտչյանը, Ջուլիետա Մկրտչյանը, Գեղամ Ռաֆաելյանը, հանրապետական են: Միայն մեկ անկուսակցական կա՝ Սմբատ Մինասյանը:
Աղվան Աճամյանն ու Թամարա Մկրտչյանը ինքնաբացարկ են հայտնել՝ այդպիսով պայքարում թողնելով Սեդրակ Հակոբյանին, դպրոցի տնօրեն Ջուլիետա Մկրտչյանին, ուսուցիչ Գեղամ Ռաֆաելյանին, բակապահ Կամո Թարվիզյանին եւ Սմբատ Մինասյանին: Ի դեպ, միայն Սմբատ Մինասյանն է ինքնառաջադրմամբ հանդես եկել: Մյուս թեկնածուներին առաջադրել է Հանրապետական կուսակցությունը:
Հատկանշական է, որ Շիրակավան գյուղի ավագանին հինգ հոգուց է բաղկացած եւ այս պահի դրությամբ նույնքան թեկնածու էլ կա: Ստացվում է, որ ինչ ընթացք էլ հետագայում ստանա նախընտրական «պայքարը», այս բոլոր թեկնածուներն էլ ավագանու պաշտոն զբաղեցնելու հարյուրտոկոսանոց հնարավորություն ունեն:
Արդյունքում ավագանու յուրահատուկ մի կազմ կհավաքվի, որտեղ ճնշող մեծամասնությունը Շիրակավանի միջնակարգ դպրոցի աշխատակից կլինի:
Քրիստինա Տեր-Մաթեւոսյան



