«Ժամանակ» թերթը գրում է. «Վրաստանն ու «Գազպրոմը» համաձայնության են եկել Հայաստան առաքվող գազի տարանցման հարցում, եւ Վրաստանը կշարունակի ստանալ այդ գազի 10 տոկոսը: Ինչպես հայտնի էր դարձել, Ռուսաստանը ցանկանում էր վճարել փողով, իսկ Թբիլիսին փող չէր ուզում՝ գազ էր ուզում: Վրաստանի եւ «Գազպրոմի» համաձայնությանը երեւի թե նպաստեց նաեւ այն, որ Թբիլիսին համաձայնության եկավ նաեւ Բաքվի հետ՝ լրացուցիչ գազ ստանալու հարցում: Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ «Սոկարը» համաձայնել է լրացուցիչ գազ մատակարարել Վրաստանին նվազեցված գնով: Վրաստանը տեւական ժամանակ փորձում էր լուծել գազի իր հավելյալ պահանջարկի հարցը եւ ըստ էության խաչաձեւ բանակցություններ էր սկսել «Գազպրոմի» եւ «Սոկարի» հետ: Արդյունքում, ինչպես տեսնում ենք, Թբիլիսին ստանում է իր համար շահավետ երկու համաձայնություն:
Այս իրավիճակը «դասագրքային» օրինակ կարող է ծառայել Հայաստանի համար, որը գազի գնի հարցում իր համար առաջացած խնդիրները լուծում է ոչ թե նմանօրինակ բանակցային գործընթացների միջոցով, այլ Ռուսաստանին խնդրելով եւ կատարելով տնտեսական ու քաղաքական զիջումներ: Մինչդեռ Հայաստանն ունի խաչաձեւ բանակցությունների հնարավորություն, քանի որ կա Իրանը: Հայաստանը կարող է նախաձեռնել նմանօրինակ բանակցություններ Իրանի հետ, առավել եւս, որ Թեհրանը բավական հստակորեն ակնարկել է նման պատրաստակամության մասին:
Այդ բանակցությունների միջոցով Երեւանը կարող է առնվազն փորձել «Գազպրոմից» գազի օպտիմալ գին ստանալ արդեն ոչ թե խնդրելով եւ զիջելով, այլ արժանապատվորեն պայմանավորվելով: Սակայն նմանօրինակ քաղաքականության համար պետք է ինքնիշխանություն, պետք է քաղաքական կամք եւ պետական արժանապատվության զգացում: Իսկ Հայաստանի իշխանական խավը չունի դրանից, այլապես վաղուց արված կլինեին քայլեր այդ ուղղությամբ: Հայաստանի իշխանական համակարգի համար առաջնայինը սեփական անվտանգությունն է եւ բարեկեցությունը, այն որեւէ կերպ վտանգի տակ չդնելը: Իսկ դրա համար պետք է չբարկացնել Ռուսաստանին: Արդյունքն այն է, որ Հայաստանը եթե անգամ ստանում է ցածր գնով գազ, իրականում դրա դիմաց այլ գին է վճարում այլ ոլորտներում: Այսինքն՝ ռուսական էժան գազը իրականում խաբկանք է Հայաստանի համար, որովհետեւ գազի գինը միայն թվային արտահայտությունը չէ, այլ նաեւ եւ գուցե առաջին հերթին այն, թե ինչ ճանապարհով է ձեռք բերվում այդ գինը:
Եվ այդ իմաստով շատ խորհրդանշական է, որ Հայաստանի վարչապետը մի քանի ամիս առաջ հայտարարել է, որ դիմել է Ռուսաստանին գազի գինը նվազեցնելու առաջարկով, սակայն մինչ այսօր Հայաստանի հասարակությունը որեւէ տեղեկություն չունի, թե ինչ արձագանք կա Ռուսաստանից: Ռուսաստանը կա՛մ արհամարհել է Հայաստանի վարչապետի այդ առաջարկը, կա՛մ վարվում են բանակցություններ, որոնց մասին հանրությունը չի իրազեկվում որեւէ կերպ: Իսկ որպես կանոն, Հայաստանի իշխանությունը հասարակությանը չի իրազեկում մի դեպքում՝ երբ որեւէ մեկի հետ բանակցում է ոչ թե պետության շահերի եւ անվտանգության, այլ դրանց «գրավադրման» սկզբունքով»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում



