Գարիկ Պապոյանի նկարի շուրջ աղմուկի և ֆեյքերի անպատժելիության մասին
ОБЩЕСТВО
Վիրտուալ շփումների բացասական հետևանքների մասին շատ է խոսվում, սակայն մոռացվում է նրա կարևորագույն հնարավորության մասին: Վիրտուալ կյանքում գրված խոսքերի համար դու պատասխանատվություն չես կրում, առավել ևս, եթե դա անում ես գաղտնի՝ մնալով անանուն: Անպատժելիության զգացումն անգամ թույլ է տալիս համացանցում հասարակական կեղծ կարծիք ձևավորել, գրել ամենքի և ամենի մասին, ինչ ցանկանում ես: Իսկ, ահա, ստատուսների որսով զբաղվող լրատվամիջոցները քո կարծիքը և պնդումները կմատուցեն շատ ավելի լայն լսարանին, այլ կերպ ասած՝ ինչ-ինչ նպատակներ հետապնդող քո տեսակետը կարող է ընկալվել որպես հասարակության մի ստվար զանգվածի կարծիք կամ նվազագույնը դառնալ պարարտ հող սկանդալային աղմուկի համար: Թարմ դեպքերից է հումորիստ և դերասան Գարիկ Պապոյանի անվան շուրջ բարձրացված ալիքը: Բանն այն է, որ տարիներ առաջ ամսագրի շապիկի համար արված նրա լուսանկարը մոնտաժվել է, որտեղ հումորիստն առանց վերնահագուստի է և գրքով ծածկում է գոտկատեղից ներքև ընկած հատվածը, շատ լուրջ քննարկումների առիթ դարձավ: Պարզվում է, որ ինչ-ինչ շրջանակներ որոշեցին օգտագործել այդ լուսանկարը դերասանին վարկաբեկելու համար:
Այդ նկարի ուղեկցությամբ արված գրառումը, թե Գարիկ Պապոյանը նույնասեռական է, կարողացավ բորբոքել լուրջ կրքեր: Հանրությունն էլ առանց իմանալու տեղեկության աղբյուրը, առանց «փաստացի» ապացույցներ տեսնելու և անգամ չմտածելով տեսածի և գրվածի անտրամաբանական կապի մասին, սկսեց պախարակել դերասանին: Պախարակման գործին լծվեցին շատ ավելի մեծ շրջանակներ, արդյունքում ոչնչից սկանդալ ծնվեց: Ինչ-որ մեկի կողմից միտումնավոր սարքած աղմուկին արձագանքեցին նաև ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչները, ովքեր շտապեցին քաջալերել Գարիկին, նույնասեռականությանը դեմ արտահայտվողներն էլ համացանցում Գարիկին վիրավորելուց զատ անցան նաև նրան աջակցող նույնասեռականների «բմբուլները քամուն տալու» գործին:
Ինչևէ, տեղի ունեցածն ապացուցում է, թե որքան անպաշտպան ենք մենք բոլորս, թե ինչպես կեղծ օգտատերերը կարող են «խայծ» գցել, անգամ կեղծ նկարներ սարքել, օգտագործել, օրինակ՝ ծովափին արված մեր լուսանկարները, անձնական կյանքի մասին մտացածին տեղեկություններ տարածել և մնալ անպատիժ:
Դժբախտաբար, կեղծ տեղեկություն տարածողներին հաջողվում է հանրության մեջ կասկած գցել, անգամ ասվածը ներկայացնել որպես անհերքելի ճշմարտութուն: Իսկ քանի որ մեր հասարակությունն անտարբեր չի կարող անցնել այլոց անկողնու, անձնական կյանքի մանրամասների, սեռական կողմնորոշումների կողքով, ապա հեշտությամբ հավատում է նման լուրերին: Իսկ թե ինչ հոգեվիճակում է հայտվում այդ լուրերի կիզակետում հայտնվածը, նրա ընտանիքը, ընկերները, ոչ ոքի չի հուզում: Իսկ քանի դեռ այս հարցն օրենսդրական կարգավորում չունի, կեղծ օգտատերերը կշարունակեն իրենց «ճշմարտությունը» տարածել համացանցում, իսկ այդ «ճշմարտության» զոհերն էլ, բացի նեղսրտելուց, ոչինչ չեն կարող անել:
Լիլիթ Լալայան




















































