«Ժամանակ» թերթը գրում է. «Մարտի 1-ին ընդդիմադիր մի քանի ուժերի նախաձեռնած հանրահավաք-երթից հետո ընդդիմադիր դաշտում վերստին ակտիվացել են խոսակցություններն ու քննարկումները համագործակցության մասին՝ առաջիկա ընտրություններին ընդառաջ:

Դրան նպաստեց այն, որ Մարտի 1-ի երթի նախաձեռնողները՝ «Նոր Հայաստան» միավորումն ու նրան այդ գործում միացած ՀԺԿ-ն ու ՀԱԿ-ը, տիրաժավորելով երթը, բավական նկատելիորեն շեշտադրում էին համագործակցության հանգամանքը, թեեւ որոշակի ընդհանրականությամբ:

Վերջին հաշվով՝ ինչու՞ էր պետք Մարտի 1-ի համատեղ նախաձեռնությունը, միայն հիշատակ հարգելո՞ւ համար: Եթե այո, ապա էլ ինչո՞ւ էր պետք ավելորդ պաթոսականությունը համագործակցության մասին: Իսկ եթե դա ենթադրում էր ավելին, ապա ինչո՞ւ Մարտի 1-ի հիմքով եւ ոչ թե ավելի առարկայական եւ կոնկրետ գաղափարի եւ նախաձեռնության շուրջ՝ թեկուզ կապված Մարտի 1-ի բացահայտման հանրային ու պետական նշանակության պահանջների հետ:

Ստեղծվում է տպավորություն, որ այդ ողբերգական տարելիցը իրականում օգտագործվեց քաղաքական «մարքեթինգի» համար, ինչը ներկայումս իր զարգացումն է ունենում համագործակցության մասին քննարկումներով: Իսկ քանի դեռ այդ ամենը զուրկ է կոնկրետությունից, առարկայականությունից եւ ամենակարեւորը՝ արժեքային ու գաղափարական ընդհանրությունից, հասարակության համար վերածվում է ծուղակի:

Համագործակցությունը եւ առավել եւս միասնականությունը այս դեպքում դառնում են արհեստական երեւույթ, որը բացի էներգիա եւ ժամանակ խլելուց՝ հասարակությանը չի տալիս ոչինչ:

Միաժամանակ դա ոչինչ չի տալիս նաեւ քաղաքական ուժերին, որոնք հանդես են գալիս իշխանական համակարգի դեմ: Եթե, իհարկե, այդ ուժերը ունեն ծրագիր, գաղափարական հենք, մեթոդաբանական զինանոց եւ գիտեն, թե ինչ են ուզում եւ ինչ են անելու:

Այդ ամենին քիչ թե շատ տիրապետող որեւէ ուժի համար համագործակցության շուրջ քննարկումները՝ առնվազն ներկայիս տեսքով, առնվազն առկա նախադրյալների եւ մթնոլորտի պայմաններում, ավելորդ ժամավաճառություն են: Դրանք նախընտրելի կարող են լինել այն ուժերի համար, որոնք ինքնին չունեն անելիք, հայտնվել են փակուղում, եւ միակ խնդիրը մնացել է կենսունակության իմիտացիա ապահովելը:

Որպես կանոն, այդ ամենը բերում է խորքային փակուղու՝ նպաստելով ոչ թե հասարակության, այլ իշխանական համակարգի ամրապնդմանը: Ինչ խոսք, միասնականությունը, համագործակցված մարտավարությունը անխուսափելիորեն նախընտրելի են, քան առանձին գործողությունները, բայց երբ հստակ է դրանց առարկան, երբ առկա է կոնկրետությունը՝ հասարակության համար հասկանալի, տեսանելի, եւ ոչ թե ամեն ինչ հիմնված է միայն հռչակագրերի վրա:

Այդ պայմաններում հասարակությանը շատ ավելի մեծ նպաստ կբերի ընդդիմադիր դաշտում ձեւավորված բնական բազմազանությունը, օրինաչափ բազմազանությունը: Ի վերջո, ընդդիմադիր դաշտում առկա ճգնաժամից դուրս գալու ճանապարհը պետք է անցնի հենց այդ բազմազանության եւ որոշակի մրցակցայնության միջով, որովհետեւ եթե ընդդիմությունը չի կարողանում գտնել արդյունավետ բանաձեւ եւ խաղի կանոններ այն հարցում, ինչը բոլոր ոլորտներում պահանջում է իշխանությունից՝ արդյունավետ եւ ազատ մրցակցություն, ապա դժվար է ակնկալել, որ այդ ընդդիմությունը կարող է գտնել համագործակցության կամ միասնականության արդյունավետ եւ հանրօգուտ կոնկրետ բանաձեւեր»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում