«Արմենիա» բժշկական կենտրոնում նորածնի մահվան դեպք է գրանցվել. «Ժողովուրդ»
ОБЩЕСТВО«Ժողովուրդ»-ը գրում է. «Թերթի տեղեկություններով՝ հուլիսի 14-ին «Արմենիա» բժշկական կենտրոնի ծննդատանը կեսարյան հատումով լույս աշխարհ եկած նորածին երեխա է մահացել: Ծննդատան բժիշկները երեխայի հարազատներին ասել են, որ կեսարյան հատումը անցել է նորմալ, և երեխան որևէ խնդիր չունի, սակայն երկու օր անց, երբ նորածնի հարազատները գնացել են ծննդատուն՝ երեխային տեսակցության,բժշիկներն ասել են, որ երեխան մահացել է:
Տեղեկացանք, որ մահացած նորածնի հարազատները լացակումած դուրս են եկել հիվանդանոցից և չեն կարողացել ստանալ իրենց հարցի պատասխանը, թե ինչպես է ստացվել, որ բժիշկները հավաստիացրել են, թե փոքրիկի մոտ ամեն ինչ կարգին է, իսկ երկու օր անց նա մահացել է:
«Ժողովուրդ»-ը կատարվածի շուրջ զրուցեց նորածնի մոր կեսարյան հատումն իրականացրած բժշկուհի Ռուզաննա Քեհյանի հետ: Ըստ նրա, երեխան ծնվել է նորմալ, թե հետագայում նորածնի ներքին օրգանների հետ կապված ինչ խնդիրներ են առաջացել, հնարավոր է պարզել միայն երեխայի հերձման պատասխանը ստանալուց հետո. «Ձեզ վստահեցնում եմ, որ բժիշկների անփութության և անգործության մասին այս դեպքում խոսել չի կարելի, քանի որ բոլորը ամեն ինչ արել են՝ կնոջը և երեխային օգնելու համար»»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում



