ՀՀ արդարադատության նախարարն ու ԿԽՄԿ-ի պատվիրակության ղեկավարը պատրաստակամ են խորացնել համագործակցությունը
ПОЛИТИКАՀայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն փետրվարի 29-ին ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Կարոլին Դույեին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախարարը գոհունակություն է հայտնել երկու կառույցների միջև առկա համագործակցության մակարդակից և բարձր գնահատել ԿԽՄԿ-ի՝ արդարադատության ոլորտում բարեփոխումներ իրականացնելունն ուղղված ջանքերը:
Պատվիրակության ղեկավարը շնորհակալություն է հայտնել նախարարին ընդունելության համար և ներկայացրել կառույցին հետաքրքրող հարցերի շրջանակը:
Մասնավորապես, հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են քրեակատարողական հիմնարկներում մի շարք ծրագրերի իրականացմանը, դատապարտյալների զբաղվածության ապահովման խնդրին, ցմահ դատապարտյալների տեսակցությունների թվի ավելացմանը, անհայտ կորածների իրավական կարգավիճակի սահմանման օրենսդրական կարգավորման խնդրին և այլն:
Արդարադատության նախարարն ու Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավարը համագործակցությունը խորացնելու և ներկայիս համատեղ իրականացվող ծրագրերի շարունակականությունն ապահովելու պատրաստակամություն են հայտնել:



