Նոր ինտրիգ` Հրազդանի ընտրություններում. Արթուր Միսակյանը մտածում է առաջադրվելու մասին
ПОЛИТИКАԱպրիլի 17-ին կկայանան Հրազդանի քաղաքապետի ընտրությունները: Արդեն բավական ժամանակ է՝ խոսվում է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կառաջադրի ազատամարտիկ Սասուն Միքայելյանի թեկնածությունը: Ընտրություններին մասնակցելու մասին հայտարարել է նաեւ Հրազդանի գործող ՀՀԿ-ական քաղաքապետ Արամ Դանիելյանը:
Մինչդեռ առաջադրումները, ըստ էության, դրանով չեն ավարտվի: Ամենայն հավանականությամբ իր թեկնածությունը կառաջադրի նաև «Հայկական վերածնունդ» միավորման ղեկավար Արթուր Բաղդասարյանի մամուլի խոսնակ Արթուր Միսակյանը: Կուսակիցների աջակցությունից զատ Միսակյանը կարող է ակնկալել նաև հայրենի Կոճոռ թաղամասի ընտրողների աջակցությունը: Կոճոռը ամենամեծ թաղամասն է և մշտապես որոշիչ ազդեցություն է ունենում հրազդանյան ընտրությունների արդյունքների վրա:
Ինքը` Արթուր Միսակյանը, Past.am-ի հետ զրույցում ոչ հերքեց, ոչ հաստատեց առաջադրվելու հնարավորությունը: «Չեմ շտապում այդպիսի պատասխանատու հայտարարություն անել, բայց մտածում եմ առաջադրվելու ուղղությամբ»,- ասաց պարոն Միսակյանը:
Իր թաղամասի ընտրողների ձայների որոշիչ լինելու մասին մեր հարցին Միսակյանը պատասխանեց. «Հպարտ եմ, իհարկե, իմ ծագմամբ և ուրախ եմ ունենալ այդքան ջերմ ու հարազատ համաքաղաքացիներ, սակայն ընտրություններում որոշիչ է բոլոր հրազդանցիների ձայնն անխտիր»:
Արմինե Խաչատրյան



