Թուրքիան նմանվում է ֆաշիստական երկրի. Հայկ Բաբուխանյան
ОБЩЕСТВОԹուրքիան փորձում է ապակայունացնել իրավիճակը տարածաշրջանում: Թուրքիայի վարած ավանտյուրիստական քաղաքականությունը կարող է անկանխատեսելի հետևանքների հանգեցնել: Փետրվարի 26-ին հրավիրված ասուլիսում նման դիտարկում արեց ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Հայկ Բաբուխանյանը: «ՆԱՏՕ-ի անդամ լինելով հանդերձ` Թուրքիան ագրեսիա է ցուցաբեր ել իր երեք հարևանների նկատմամբ»,- նշեց ԱԺ պատգամավորը: Նրա կարծիքով` երրորդ աշխարհամարտի հավանականությունը աճում է, և այդ գործընթացում իրենց դերն են խաղում Թուրքիան ու Ադրբեջանը: «Երկու երկրներում էլ ամեն կերպ ոտնահարվում են մարդկանց իրավունքները»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հավելեց Բաբուխանյանը: Նա դատապարտեց Թուրքիայի իրականացրած կոտորածը խաղաղ քրդական փոքրամասնության նկատմամբ` նմանեցնելով դա ֆաշիստական քաղաքականության:
Այս իմաստով Հայաստանի անկանխատեսելի հարևանները նրա շուրջ բարդ աշխարհաքաղաքական իրավիճակ են ստեղծել` փորձելով ամեն կերպ խոչընդոտել տարածաշրջանային խաղաղ համագործակցությունը: Այդուհանդերձ, պատգամավորը կարծում է, որ չնայած այս ամենին` Հայաստանը շարունակում է ամրապնդել բարեկամական հարաբերությունները տարածաշրջանում աճող ծանրակշիռ ազդեցություն և հզոր տնտեսական պոտենցիալ ունեցող Իրանի հետ: «Իրանը կապող օղակ է Հայաստանի և մուսուլմանական աշխարհի միջև. դա կարևոր է և տնտեսական, և քաղաքական տեսանկյունից»,- ավելացրեց պատգամ ավորը: Իրանի հետ հնարավոր համագործակցության արդյունքում` հատկապես արդյունաբերության ոլորտում, կունենանք լուրջ ներդրումներ: Հայաստանը փակուղուց կվերածվի տարանցիկ պետության:



