Թուրքական «Ջումհուրիեթ»-ի գլխավոր խմբագիրն ու թղթակիցն ազատ են արձակվել
ОБЩЕСТВОԹուրքական «Ջումհուրիեթ» պարբերականի գլխավոր խմբագիր Ջան Դյունդարն ու Անկարայի թղթակից Էրդեմ Գյուլը, ովքեր շուրջ երեք ամիս ազատազրկման մեջ էին, ազատ են արձակվել: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Թուրքիայի սահմանադրական դատարանը, քննելով լրագրողներին կալանավորելու գործը, վճռել է, որ այդպիսով խախտվել են երկրի մայր օրենքի դրույթները՝ կապված խոսքի ու մամուլի, մարդու ազատության ու անվտանգության հետ:
Բանտից անմիջապես ազատվելուց հետո նրանց դրսում դիմավորել են հարազատները, բարեկամներն ու ընկերները: Դյունդարը նշել է, որ դատարանը պատմական որոշում է կայացրել ոչ միայն իրենց, այլև բոլոր մյուս լրագրողների համար: «Այն, գինը, որ մենք վճարեցինք, ոչինչ է Թուրքիայում լրագրողների վճարած գնի համեմատ: Բանտում մնացինք 3 ամիս, սակայն չենք բողոքում»,- նշել է նա՝ հավելելով, որ իրենք շարունակելու են պայքարել մամուլի և խոսքի ազատության համար:
Թուրքիայում «Ջումհուրիեթ» (Cumhurriyet) թերթի գլխավոր խմբագիր Ջան Դյունդարին և այդ նույն թերթի Անկարայի թղթակից Էրդեմ Գյուլին ձերբակալել և կալանավորել էին «Իսլամական պետության» ահաբեկիչներին զենք մատակարարելու մասին նյութ հրապարակելու համար:Լրագրողներին մեղադրում են ահաբեկչական կազմակերպության մեջ ներգրավվածության և լրտեսության համար: Իրականում նյութում բացահայտում էր արվում այն մասին, որ Թուրքիայի ազգային հետախուզական ծառայությունը բեռնատարներով զենք է մատակարարում ԻՊ-ին:



