Գեղարքունիքում ավելացել է խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակը
ОБЩЕСТВОԳեղարքունիքի մարզի տնտեսություններում 2016 թվականի փետրվարի 25-ի դրությամբ, նախնական տվյալներով, հաշվառվել է 124 795 խոշոր եղջերավոր անասուն, 108 791 գլուխ ոչխար, 2846 գլուխ այծ, 15191 գլուխ խոզ, 335 859 թեւ թռչուն: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վիճակագրության ազգային ծառայության Գեղարքունիքի մարզային գործակալույունից, նախորդ տարվա համեմատ, Գեղարքունիքի մարզում խոշոր եղջերավորների գլխաքանակն աճել է 5 հազարով, որը հիմնականում գրանցվել է Մարտունու տարածքի համայնքներում: Մանր եղջերավորների, խոզերի եւ թռչունների շրջանում աճը կազմել է համեմատաբար ավելի քիչ`1-1,5 տոկոս:
Թռչունների քանակով եւս գերակշռողը Մարտունու տարածաշրջանն է, որտեղ այս տարվա սկզբի դրությամբ հաշվառվել է 142 409 թեւ թռչուն, որը կազմում է մարզի ընտանի թռչունների 42,6 տոկոսը: Ոչխարների գլխաքանակով առաջատարը Վարդենիսի տարածաշրջանն է, որտեղ հաշվառվել է 44 308 գլուխ ոչխար, որը կազմում է մարզի ընդհանուր գլխաքանակի 40,7 տոկոսը: Հաշվառված անասնագլխաքանակի չափով էլ արդեն մարզ են ներկրվել անասնահամաճարակների դեմ պայքարի միջոցառման համար նախատեսված պատվաստանյութերը:
ՀՀ գյուղնախարարության «Անասնաբուժասանիտարիայի եւ բուսասանիտարիայի ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ Գեղարքունիքի մարզային մասնաճյուղի տնօրեն Սարգիս Ավագյանի փոխանցմամբ` միջոցառումների ցանկում ընդգրկված են խոշոր եւ մանր եղջերավորների մոտ տուբերկուլյոզի եւ բրուցելյոզի հետազոտությունը, դաբաղի, սիբիրախտի, խշխշան պալարի, խոզերի դասական ժանտախտի եւ թռչունների կեղծ ժանտախտի դեմ պատվաստումները:»Այս տարի խոշորի հետ մեկտեղ դաբաղ հիվանդության դեմ պատվաստումներ կարվեն եւ մանր եղջերավորներին, տուբերկուլյոզի հետազոտություն կանցկ ացվի նաեւ խոշոր եղջերավորների մոտ: Մարտի 1-ից կսկսվեն նախատեսված բոլոր կանխարգելիչ միջոցառումները: Մինչեւ անասունների արոտ դուրս գալը պետք է ավարտվեն անասնահամաճարակների բռնկումները կանխարգելող բոլոր միջոցառումները»,-հավաստեց Սարգիս Ավագյանը:
Խոսրով Խլղաթյան



