Աուդիտ անել պետք չէ, դատախազությունը պետք է սկսի իր աշխատանքը. Դավիթ Սանասարյան
ИНТЕРВЬЮ
Past.am կայքն արդեն հայտնել է, որ «Ոտքի՛, Հայաստան» նախաձեռնությունը երթ արեց դեպի ՀՀԿ կենտրոնական գրասենյակ, որտեղ իր նամակը փոխանցեց Սերժ Սարգսյանին:
Այնուհետ ,ակտիվիստ Դավիթ Սանասարյանը, զրուցելով լրագրողների հետ, ասաց. «Նախաձեռնությունը գնում է իշխանափոխության ճանապարհով, քանի որ երկրում տարիներ շարունակ համատարած կոռուպցիա է, էներգետիկ համակարգը թալանել են: Հիմա Սերժ Սարգսյանն, ինքը ցուցմունք տվեց, որ փլուզման եզրին են, այդ առթիվ պետք է քրեական գործ հարուցվի:
Աուդիտը չի կարող հավասարազոր լինել և չի կարող այս հարցերի պատասխանը տալ:Ես չէ, որ հայտարարել եմ, որ փլուզման եզրին է, Սերժ Սարգսյանն է հայտարարել:
Պարզ է, որ սա ժողովրդին խաբկանքի մեջ գցելու հայտարարություն էր, և մենք հիմա պահանջում ենք, որ իր խոսքի համաձայն, անի ամեն ինչ, որ քրեական գործ հարուցվի: Մենք չենք ճանաչում, բայց եթե դատախազությունը Սերժ Սարգսյանին լեգիտիմ է ճանաչում, վաղուց պետք է սկսեին աշխատանքները Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում, նախարարությունում, եւ դատախազությունը արդեն պետք է գործողություններ սկսեր ՀԷՑ-ում:
Ոչ մի աուդիտ չի բերելու իրավական պատասխանատվության, աուդիտը խորհրդատվական բնույթ ունի: Ե՛վ տեխնիկական է, և՛ հաշվապահական աուդիտները անցկացնում են իմանալու համար, թե ինչ խնդիրներ ունեն իրենք: Բայց Սերժ Սարգսյանը հայտարարել է համակարգի փլուզման մասին, մի վիճակի են բերել, որ եթե սակագին չբարձրանա, փլուզման է ենթարկվելու: Որպեսզի այս բոլոր հանցագործությունները պարզվեն, աուդիտ անել պետք չէ, դրա համար ուղղակի դատախազությունը պետք է սկսի իր աշխատանքը»:
Դավիթ Սանասարյանը նաև ասաց, որ իրենք չեն մրցակցում այլ նախաձեռնությունների հետ:
Հարցին՝ ինչո՞ւ չեն համագործակցում, նա պատասխանեց. «Երեքշաբթի, հուլիսի 14-ին, ես մասնակցել եմ «Ոչ թալանին» նախաձեռնության երթին, կոչեր են եղել՝ և հրապարակային, և՛ անհատական, որ պայքարող քաղաքացիները ինչ-որ կետի միավորվելու խնդիր ունեն, որ կարողանանք հաջողության հասնել, այլապես՝ առանձին-առանձին ռազմավարությունները չեմ կարծում, որ տանելու են հաջողության, հատկապես, որ մեր առջև կանգնած է ռեժիմ, որը ուժ է ցույց տալիս և ասում է, որ ուժով ենք հարցը լուծելու»:
Լևոն Փանոսյան




















































