Գասպարիին հալածում են իշխանության պատվերով. Վարդան Հարությունյան
ПОЛИТИКА«Իրավունքի եւ ազատության կենտրոն» ՀԿ նախագահ, նախկին քաղբանտարկյալ Վարդան Հարությունյանը դատապարտում է Վարդգես Գասպարիի նկատմամբ իշխանությունների գործողությունները` դրանք որակելով անհիմն եւ շինծու:
Իրավապաշտպանը այսօր հայտարարություն է տարածել, որտեղ նշել է, որ Գասպարիի՝ դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի ակնհայտ շինծու հիմքով կալանավորումը կարող էր տեղի ունենալ միայն իշխանությունների պատվերով։ Հարությունյանը նույն այդ պատվերի շրջանակներում է դիտարկում նաև կալանավայրում Գասպարիի նկատմամբ կիրառվող բռնությունն ու խոշտանգումը։
«Նման անմարդկային վերաբերմունքի կազմակերպիչներն ու իրականացնողներն, ի տարբերություն Գասպարիի, իրենք են օրենքից դուրս։ Վարդգես Գասպարին մշտապես աչքի է ընկել իր քաղաքացիական անհաշտ դիրքորոշմամբ։ Նա իր բողոքի ակցիաներն իրականացնում էր միայնակ, որոնք կարող է եւ իշխանավորների հավանությանը չարժանանային, բայց տեղավորվում էին օրենքի շրջանակներում։ Գասպարիի նկատմամբ կիրառվող բռնությունը պետք է դիտարկել նրա նկատմամբ շարունակվող հետապնդումների շարքում»,- իր հայտարարության մեջ նշել է իրավապաշտպանը։
«Իրավունքի եւ ազատության կենտրոն» հասարակական կազմակերպությունը դատապարտում է Գասպարիի նկատմամբ նման անմարդկային վերաբերմունքը եւ Հայաստանի իշխանություններից պահանջում հավատարիմ մնալ միջազգային հանրության առջեւ մարդու իրավունքների բնագավառում ստանձնած պարտավորություններին, թույլ չտալ կալանավայրերում խոշտանգում, բռնություն եւ անմարդկային վերաբերմունքի դրսեւորումներ։ Կազմակերպությունը նաեւ պահանջում է ազատ արձակել Վարդգես Գասպարիին:
Հիշեցնենք, որ Գասպարին կալանավորվել է Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ փետրվարի 19-ին, եւ տեղափոխվել «Նուբարաշեն» ՔԿՀ: Իսկ արդեն երեկ տեղափոխվել էր Նորքի հոգեբուժարան՝ դատաբժշկական փորձաքննություն անցնելու նպատակով:
Գագիկ Աղբալյան



