ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն չտվեցին ամենակարեւոր պատասխանը
ПОЛИТИКА«Ժամանակ» թերթը գրում է. «Նախագահական նստավայրում փետրվարի 24-ին ստորագրվեց ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի համագործակցության հուշագիրը, որը վերջին շաբաթների ընթացքում դարձել էր հանրապետության թիվ մեկ խնդիրը: Հասարակությունն առավոտյան արթնանում եւ երեկոյան անկողին էր մտնում այն հարցով, թե երբ է վերջապես ստորագրվելու հուշագիրը: Եվ ահա այն ստորագրվեց` ավելի շատ հարցեր առաջացնելով, քան տալով պատասխաններ, թե, ի վերջո, ինչու են այս երկու կուսակցությունները համագործակցում:
Այն, որ նրանք այդ համագործակցությունը ներկայացնելու էին հանուն հայրենիքի, որեւէ կասկած չէր առաջացնում: Ի վերջո, հայտնի է խոսքը, թե ում վերջին հանգրվանն է հայրենասիրությունը, կամ ինչպես բարոն Մյունհաուզենն էր ասում՝ բոլոր հիմար բաները կատարվում են դեմքի խելոք արտահայտությամբ: Այնուամենայնիվ, հայաստանյան քաղաքական կյանքում, ըստ էության, ոչինչ տեղի չի ունեցել, ընդամենը կրկնություն՝ այս անգամ միայն ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի կատարմամբ: Դատելով նրանց միջեւ ստորագրված հուշագրից՝ ՀՅԴ-ի եւ ՀՀԿ-ի միջեւ պայմանավորվածությունները, ըստ էության, ավարտված չեն, այսինքն՝ ամբողջացված չեն:
Բանն այն է, որ հուշագրի տեքստը, ըստ էության, այն մասին է, որ առջեւում դեռ առկա է հանրային եւ պետական ռեսուրսների վերաբաշխման խնդիր: Դրա մասին են վկայում հուշագրի բազմաթիվ կետեր: Հավանաբար դա է պատճառը նաեւ, որ հուշագիրը զերծ է որեւէ կոնկրետությունից ոչ միայն մատնանշվող խնդիրների, այլ նաեւ լուծման ուղիների մասին: Սա նշանակում է, որ ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն իշխանական կարկանդակի մասով այդպես էլ չեն եկել սկզբունքային եւ ամբողջական համաձայնությունների, բայց միեւնույն ժամանակ սեղմված նախընտրական ժամկետներով որոշել են այլեւս սկսել աշխատանքը, կարկանդակի ամբողջական բաժանման անհամաձայնություններով չվտանգելով հենց այդ ամբողջ կարկանդակի տնօրինումը: Իսկ այստեղ մարտահրավերները, իհարկե, բավական լուրջ են, քանի որ իշխանությունները միջազգային պարտավորություն են ստանձնել անցկացնել այնպիսի ընտրություններ, որոնք չեն կրկնի սահմանադրական հանրաքվեի խայտառակությունը:
Այնուհանդերձ, այն, որ հուշագիրը, մեծ հաշվով, զուրկ է կոնկրետությունից եւ պարունակում է բազմաթիվ դրույթներ, որոնք վկայում են ոչ ամբողջական եւ լիարժեք համաձայնությունների մասին, ըստ էության հանդիսանում է վկայություն, որ երկու ուժերի համագործակցությունը առաջին հերթին լինելու է հենց այդ երկուսի թիրախում: Անհամաձայնության հիմնական պատճառներից է, թերեւս, այն, որ եւ՛ ՀՀԿ-ում, եւ՛ ՀՅԴ-ում կան ազդեցիկ շրջանակներ, որոնք դեմ են համագործակցությանը: Այդ կոնտեքստում, միավորող գործոնը ընդամենը 2017 թվականի ընտրություններն են:
Ընդ որում՝ այս առումով ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն ստորագրված հուշագրում որեւէ խոսք չեն ասում այն մասին, թե ինչպես են մասնակցելու ընտրություններին: Այս մասին խոսքի բացակայությունը անտրամաբանական է, երբ հայտարարվում է, որ գնում են երկարաժամկետ համագործակցության: Երկարաժամկետ համագործակցության տրամաբանությունը պահանջում է, որ կողմերը պետք է որեւէ կերպ համաձայնեցրած լինեն 2017 թվականի ընտրություններին մասնակցության հարցը: Մինչդեռ այդ մասին չկա որեւէ խոսք, ինչը հենց վկայում է, որ այդ հարցի պատասխանը կախված է նրանից, թե կողմերը 2017 թվականին ընդառաջ ինչ արդյունավետությամբ կօգնեն միմյանց այդ առանցքային խնդիրը լուծելու համար»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում



