Գեղարքունիքի դպրոցական մարզական խաղերն այս տարի նվիրված են Հայաստանի անկախության 25-րդ տարեդարձին
ОБЩЕСТВОԳեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի համապատասխան կարգադրությամբ` մարզի հանրակրթական դպրոցներում արդեն նախապատրաստվում են դպրոցականների 25-րդ մարզական խաղերի անցկացմանը, որը նվիրվում է ՀՀ անկախության 25-րդ տարեդարձին:
Ինչպես տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի ԿՄՍ վարչության մշակույթի եւ սպորտի բաժնի վարիչ Գեղամ Չարվադարյանը, արդեն որոշվել է մարզական խաղերի անցկացման կոմիտեի կազմը, մրցավարական հանձնաժողովները, հաստատվել է նաեւ անցկացման ժամանակացույցը: Ի թիվս այլ պարտականությունների, մրցաշարի կազմակերպիչների առջեւ խնդիր է դրված նաեւ ապահովել մարզի դպրոցականների ակտիվ մասնակցությունը մրցաշարին:
«Մրցումները կանցկացվեն ձեռքի գնդակ, վոլեյբոլ, բասկետբոլ, ֆուտզալ, սեղանի թենիս, ֆուտբոլ եւ լողափնյա վոլեյբոլ մարզաձեւերից: Դպրոցականների մրցաշարը կանցկացվի երկու փուլով՝ տարածքային եւ մարզային: Տարածքային փուլի հաղթող ճանաչված տղաների ու աղջիկների հավաքական թիմերը կստանան մարզային մրցաշարերին մասնակցելու իրավունք: Որոշված են եւ՛ տարածքային, եւ՛ մարզային փուլի յուրաքանչյուր մարզաձեւի անցկացման ժամկետները, վայրերը եւ մրցավարական կազմերը: Յուրաքանչյուր մրցաշարի տարածքային փուլի անցկացումից մի քանի օր անց էլ կանցկացվի տվյÕ �լ մարզաձեւի մարզային փուլը: Մրցաշարերի տարածքային եւ մարզային խաղերի ժամանակացույցն սկսվում է մարտի 15-ին եւ շարունակվում մինչեւ ապրիլի 9-ը, իսկ լողափնյա վոլեյբոլի մրցաշարը կանցկացվի ավելի ուշ՝ հունիսի 21-ին, Սեւան քաղաքի հանրային լողափում»,-նշեց Գեղամ Չարվադարյանը:
Դպրոցականների շրջանում 25-րդ մարզական խաղերի հանրապետական փուլի սկիզբը կազդարարվի ամռանը:



