Մոսո Կարապետյանը՝ իր և Քրիստինայի սիրո պատմության և մոտալուտ ամուսնության մասին (լուսանկարներ)
ФОТО
Tert.am-ը գրում է.
Երիտասարդ դերասան Մոսո Կարապետյանը (նա լայն ճանաչում ձեռք բերեց «Ֆուլ հաուս» սիթքոմում Հրաչին մարմնավորելով) տարիներ հետո գուցե մի սցենար գրի իր և ամերիկաբնակ Քրիստինեի գլխապտուտ ու սրընթաց սիրո իրական պատմության հիման վրա:
Մեկ տարին էլ չբոլորած նրանց բուռն սիրավեպը 2015-ի վերջին պսակվեց ԱՄՆ-ում տեղի ունեցած ճոխ նշանադրությամբ, որին, ի դեպ, ներկա էին դերասանի գործընկերները:
Բանն այն է, որ այդ ժամանակ Մոսոն դերասանական կազմում մասնակցում էր «Ֆուլ հաուսի» ամերիկյան հյուրախաղերին: Իսկ այս օրերին, երբ երիտասարդությունը պատրաստվում է Տեառնընդառաջի և Սուրբ Վալենտինի տոնակատարություններին, զույգը Հայաստանում է, ի դեպ, արդեն իսկ սկսել է պատրաստվել ոչ միայն այդ տոներին, այլև հարսանեկան հանդեսին: Մոսոյի և Քրիստինեի սիրո պատմության և ապագա միասնական կյանքի մասին զրուցեցինք դերասանի հետ:
- Որտե՞ղ և ինչպե՞ս եք ծանոթացել Ձեր ընտրյալի հետ, չէ, որ ձեզ մի ամբողջ օվկիանոս էր բաժանում:
- Մեզ միավորեց ինտերնետը. ծանոթացել և առաջին անգամ շփվել ենք Facebook-ով` 2015-ի հունվարի 6-ին: Դրանից մի քանի ամիս անց ելույթներով մեկնեցի ԱՄՆ, և վերջապես հանդիպեցինք... ու միանգամից սիրահարվեցի: Հետո Քրիստինեն եկավ Հայաստան, հետո ես էլի գնացի ԱՄՆ... Այդպես առիթից առիթ հանդիպում էինք:
- Մոսո, իսկ ի՞նչը Քրիստինեի մեջ Ձեզ այդպես միանգամից գրավեց:
- Ամեն ինչը: Իսկույն հասկացա, որ ողջ կյանքիս ընթացքում հենց նա պետք է լինի կողքիս: Երևի միմյանց համար էինք ծնվել, թեև ապրում էինք միմյանցից հազարավոր կիլոմետրեր հեռու:
- Քրիստինեն Ձեզ «Ֆուլ հաուսից» արդեն ճանաչում էր:
- Ոչ, նա ինձ չէր ճանաչում: Բացի այն, որ Քրիստինեն այնտեղ է ծնվել ու մեծացել, նաև հիմնականում ամերիկացիների հետ է շփվում: Նա յոգայի ուսուցչուհի է:
- Ո՞վ և ինչպե՞ս է առաջինը սեր խոստովանել:
- Բնականաբար` ես: Բայց թե ինչպես, չեմ հիշում:
- Իսկ հիշո՞ւմ եք` ինչպես է անցել Ձեր նշանադրությունը: Դատելով լուսանկարներից` բավական հայտնի դեմքեր...
- Հիշում եմ, որ ընտիր է անցել` Գլենդելի «Լուի պալաս» սրահում: Բավական մեծ շուքով նշանադրություն էինք կազմակերպել. 150-ից ավելի մարդ կար` «Ֆուլ հաուսի՚ գործընկերներիցս սկսած մինչև ԱՄՆ-ում ապրող իմ ընկերները: Ի դեպ, Տիգրան Ասատրյանն էլ էր մասնակցում (երջանկահիշատակ Արամ Ասատրյանի երգիչ որդին - հեղ.): Հրավիրվածներն այնքան շատ էին, որ բոլորին այս պահին դժվար թե թվարկեմ...
- Իսկ Սուրբ Սարգսի տոնը նշե՞լ եք:
- ...Դա ե՞րբ էր:
- Այս տարի հունվարի 23-ին:
- Չէ, այդ օրը Քրիստինեն դեռ Հայաստանում չէր:
- Մոսո, իսկ երբ և որտեղ եք պատրաստվում նշել հարսանյաց հանդեսը:
- Կարծում եմ` մինչև ամառ կամուսնանանք` Հայաստանում: Հիմա նախապատրաստական աշխատանքներով ենք զբաղված: Դեռ չենք որոշել, թե ո°ր սրահում և ինչպես, բայց որ գեղեցիկ արարողություն կլինի, դա հաստատ է:
- Իսկ ամուսնությունից հետո որտեղ եք մտադիր ապրել` Հայաստանում, թե ԱՄՆ-ում:
- Որտեղ պատահի` կարևորը միասին լինելն է, իսկ թե որ երկրում` Հայաստանում, ԱՄՆ-ում կամ գուցե... Հնդկաստանում (ժպտում է), արդեն երկրորդական է...
- Տարբեր երկրներում մեծացած մարդիկ, բնականաբար, տարբեր մտածելակերպ ունեն: Արդյոք Ձեր հարաբերություններում այդ մտածելակերպերի «բախումներ» լինում են:
- Իհարկե, չկա մի զույգ, որ չվիճի: Բայց պետք է ասեմ, որ մեր մտածելակերպը հիմնականում նույնն է: Ինձ համար Քրիստինեն, ասես, մեր հարևան շենքում ծնված և մեծացած լինի:
- Ընտանեկան զույգի մասին հայտնի մի արտահայտություն կա` մեկը` զանգակ, մյուսը` բամբակ: Ձեզ մոտ դերերն ինչպես են բաշխվել:
- Չէ, երկուսս էլ բամբակ ենք ու զիջող...




















































