Հայ ծրագրավորողների ստեղծած հավելվածը կօգնի չխառնել դեղի ընդունման ժամանակն ու դոզան
ЛАЙФՀայ ծրագրավորողները բջջային նոր հավելված են ստեղծել, որը հիանալի օգնական կարող է լինել բոլոր այն մարդկանց համար, ովքեր բուժման կուրս են անցնում եւ դեղեր ընդունում:
Եթե խախտվում է դեղերի օգտագործման ժամանակը, համակցությունը, քանակն ու դոզան, կարող են անդառնալի հետեւանքներ մնալ հիվանդի առողջության վրա։ Ըստ NPSF հետազոտության տվյալների` մարդկանց 42 տոկոսն իր կյանքի ընթացքում այս կամ այն կերպ բախվում է դեղերի սխալ օգտագործման խնդրին՝ խախտելով դրանց ընդունման ժամն ու կարգը։ Նոր բջջային հավելվածը, որը կոչվում է MEDAS, հիվանդին հիշեցնում է, թե որ դեղը երբ պիտի խմել ու ինչ չափաբաժնով։
Ծրագրի հեղինակներից Մխիթար Մկրտչյանը մեզ հետ զրույցում անկեղծացավ. այսպես ասած` օգնական ծրագիր ստեղծելու գաղափարը ծնվել է այն բանից հետո, երբ բուժման կարճաժամկետ կուրս անցնելիս հասկացել է, որ մեկ օրվա ընթացքում մի քանի անուն դեղ օգտագործելու համար հուշարար է անհրաժեշտ, օգնական:
«Ես միաժամանակ մի քանի դեղ էի ընդունում եւ հասկացա, որ շատ դժվար է ամեն անգամ հիշել, թե որ ժամին ինչ դեղ պետք է ընդունել: Ուսումնասիրեցի բջջային հավելվածները, փորձում էի գտնել մի հարմար որեւէ ծրագիր, որը կօգներ ճիշտ ժամանակին դեղերն ընդունել: Բայց պարզեցի, որ յուրաքանչյուր հավելված մի որեւէ դեղամիջոց արտադրողի կողմից է ստեղծվել: Գաղափար առաջացավ ստեղծել մի ծրագիր, որի մեջ գրանցում ես դոզան, ընդունելու ժամը, սնվելու ժամը եւ այլն, եւ ծրագիրը քեզ օգնում է ճիշտ ժամանակին դեղն ընդունել»,- պատմեց հավելվածի հեղինակը:
Հավելվածի նկատմամբ բավականին մեծ հետաքրքրություն են ցուցաբերել ծերանոցների, մանկատների աշխատակիցները, ում խնամքի տակ առողջական խնդիրներ ունեցող տասնյակ մարդիկ կան: MEDAS-ի օգնությամբ նրանք կարողանում են ժամանակացույց կազմել յուրաքանչյուր հիվանդի համար, հավելվածի կողմից ստանալ հուշում, թե որ ժամին ով պետք է դեղ ընդունի:
«Բջջային այս հավելվածն անհրաժեշտ է նախեւառաջ բուժհաստատություններին, քանի որ այս հիմնարկություններում դեղ ընդունելու գործընթացը հիմնականում վերահսկվում է միայն մեկ անձի՝ ավագ բուժքրոջ կողմից, անկախ հիվանդների քանակից: Բժիշկների առավոտյան շրջայցի ժամանակ, ավագ բուժքույրն է գրում ցուցումները, թե ինչ դեղ է պետք ավելացնել կամ հանել բուժման կուրսից: Նմանատիպ աշխատանքում առկա է մարդկային գործոնը եւ սխալի արժեքը մեծ է: MEDAS-ի օգնությամբ բուժաշխատողը կարող է ստեղծել միանգամից մի քանի օգտագործողի պրոֆիլներ, նրանց ինդիվիդուալ տվյալներով եւ ստանալ հիշեցում ամեն մի օգտագործողի համար»,- ասաց Մխիթար Մկրտչյանը։
Այս պահին անդրոիդ սարքերով հնարավոր է ներբեռնել MEDAS-ի բետա տարբերակը: Հավելվածը ստեղծած աշխատանքային խումբը շարունակում է կատարելագործել:
Գագիկ Աղբալյան



