Սերգո Կարապետյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Վրաստանի դեսպանի հետ
ОБЩЕСТВОՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը փետրվարի 24-ին ընդունել է Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թենգիզ Շարմանաշվիլիին` Հայաստանում վերջինիս դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ: Ինչպես տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, բարձր գնահատելով Թենգիզ Շարմանաշվիլիի գործունեությունը մեր երկրում` Սերգո Կարապետ յանը նշել է, որ նրա պաշտոնավարման ընթացքում երկկողմ հարաբերությունները հատկապես ագրարային ոլորտում դինամիկ զարգացում են ունեցել:
«Վերջին հինգ տարիների ընթացքում գյուղատնտեսության բնագավառում հայ-վրացական համագործակցությունն ավելի է ակտիվացել: Վրաստանը մեր ամենամտերիմ գործընկերներից է, և ես վստահ եմ, որ այս բարեկամական հարաբերություններն այսուհետ ևս կշարունակեն զարգանալ ու ամրապնդվել»,-նշել է իր խոսքում նախարար Սերգո Կարապետյանը:
Հաշվի առնելով երկու երկրների գյուղատնտեսության ոլորտում համանման գերակայությունների առկայությունը, այդ թվում` կոոպերատիվների ստեղծումն և նորագույն տեխնոլոգիաների ներդրման անհրաժեշտությունը` նախարար Սերգո Կարապետյանը վստահություն է հայտնել, որ համատեղ ուժերով և երկկողմ փորձի փոխանակման միջոցով հնարավոր կլինի առավել արդյունավետ լուծում գտնել:
Դեսպան Շարմանաշվիլին իր երախտագիտությունն է հայտնել ՀՀ գյուղատնտեսության նախարարին և նախարարության աշխատակազմին իր առաքելության ընթացքում ցուցաբերած աջակցության համար:
Հանդիպման ավարտին շնորհակալություն հայտնելով Թենգիզ Շարմանաշվիլիին իր գործունեության ընթացքում հայ-վրացական հարաբերությունների ամրապնդման ու ընդլայնման ուղղությամբ ներդրած ջանքերի համար` նախարար Կարապետյանը նորանոր աշխատանքային հաջողություններ է մաղթել դեսպանին հետագա գործունեության մեջ:



