Ֆրանսիայում անկարգությունների ընթացքում Լիմոժի 143-տարվա պատմություն ունեցող քաղաքապետարանի զանգակատունը փլուզվել է
МЕЖДУНАРОДНОЕՖրանսիայում բողոքի ցույցերի ընթացքում անկարգությունները շարունակվում են։ Կենտրոնական Ֆրանսիայի Լիմոժ քաղաքի՝ 1883 թվականին կառուցված քաղաքապետարանի շենքում հրդեհ է բռնկվել, որի հետևանքով զանգակատունը փլուզվել է տանիքի վրա՝ վնասելով շինության կենտրոնական հատվածը։
France 3 հեռուստաալիքի հրապարակած կադրերի համաձայն՝ հրդեհը սկսվել է այն բանից հետո, երբ արմատական խմբերի անդամները ներխուժել են քաղաքապետարանի շենք և առաջին հարկում հրկիզել մի քանի սենյակ։ Այնուհետև հրդեհվել են նաև շենքի հարևանությամբ կայանված մի քանի ավտոմեքենաներ, որոնք ավելի ուշ պայթել են։
Հրշեջները շուրջ մեկ ժամ փորձել են մարել կրակը, սակայն այն տարածվել է տանիքի վրա, ապա հասել զանգակատանը։ Չնայած փրկարարների ջանքերին՝ զանգակատունը փլուզվել է՝ ճեղքելով տանիքի մի մասը։ Հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են։
Լիմոժի քաղաքապետ Գիյոմ Գերենը դատապարտել է տեղի ունեցածը՝ այն անվանելով երկրի համար քաոս։ Նա հայտարարել է, որ դիմելու է իրավապահներին և պահանջելու պատմական շենքի ավերման համար պատասխանատուներին ենթարկել պատժի։
Քաղաքապետարանի շենքը կառուցվել է 1883 թվականին՝ ճարտարապետ Շառլ Ալֆրեդ Լեկլերի նախագծով։ Այն Ֆրանսիայի պահպանվող պատմական հուշարձանների ցանկում է։



