Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»
АНАЛИТИКА«Փաստ» օրաթերթը գրում է.
Երբ հետևում ես ընթացիկ լրահոսին, կարող է թվալ, թե մեր երկրում սովորական, ընթացիկ ներքաղաքական գործընթացներ են, ինչ-որ քաղաքական, ներքին, արտաքին հարցեր են քննարկվում: Ավելին, լրջորեն քննարկման թեմա են դառնում այս կամ այն քաղաքական ուժի արտաքին կողմնորոշումները և այլն: Բայց այդ ամենը, այդ քննարկումները, առերևույթ բուռն գործունեությունն անիմաստ են դառնում, երբ հաշվի ենք առնում փաստացի իրողությունը, որ ընդդիմադիր 3-4 հիմնական ուժերի ղեկավարների նկատմամբ քրեական գործեր են կարված, արհեստականորեն սահմանափակված է նրանց քաղաքական գործունեությունը:
Ընդդիմադիր լիդերներից մեկը «տնային կալանքի» տակ է՝ այնպիսի տպավորությամբ, որ Սամվել Կարապետյանի այդ կալանքը կվերանա միայն ՔՊ-ի քաղաքական իշխանության վերանալու հետ: Մյուս ընդդիմադիր լիդերը՝ Գագիկ Ծառուկյանը, կալանավորված է, ավելին՝ Փաշինյանի ՔՊ-ն ու ԿԸՀ-ն փաստացի գողացան ԲՀԿ-ի ձայները՝ թույլ չտալով, որ կուսակցությունը մտնի ԱԺ: Ի լրումն, իրականացվում է Ծառուկյանին պատկանող սեփականության ապօրինի խլում:
Վերջապես՝ հանիրավի, ի դեպ, վերջին 8 տարվա մեջ արդեն 4-րդ անգամ, կալանավորված է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Մեր պետության գոյության 35 տարիների ընթացքում երկրի ամենից արդյունավետ և ամենից կայուն, անվտանգ ու խաղաղ վիճակն ապահոված նախագահը՝ Ռոբերտ Քոչարյանը, այսօր գտնվում է «ԿԳԲ-ի պադվալում»: Ի լրումն, փաշինյանական ռեպրեսիվ մարմինները փաստացի պատանդ են վերցրել նախագահ Քոչարյանի ավագ որդուն՝ Սեդրակ Քոչարյանին:
Ավելին, երբ նայում ես, թե ինչի մեջ են մեղադրվում ընդդիմության կալանավորված առաջնորդները, ապա խայտառակությունն ավելի ակնհայտ է դառնում: Սամվել Կարապետյանի «մեղավորությունն» այն է, որ քիչ չէ՝ հայ է, դեռ մի բան էլ՝ մեծահարուստ է, ավելին՝ Հայ առաքելական եկեղեցու պաշտպանությամբ է հանդես գալիս, ազգային դիրքերից է հանդես գալիս: Գագիկ Ծառուկյանի «մեղավորությունն» այն է, որ քիչ չէ՝ հարուստ է, դեռ մի բան էլ հազարավոր աշխատատեղեր է ապահովել, մարզիկներին է աջակցում, մշտապես հայ մարդկանց կողքին է, էլի՝ ազգայինի, պետականության դիրքերից է հանդես գալիս, իշխանության «թելը չի թելում»:
Դե, իսկ Ռոբերտ Քոչարյանի ամբողջ «մեղքն» այն է, որ ինքը... Ռոբերտ Քոչարյանն է: Անուն-ազգանուն, որից այսահարվում և ջղակծկումներ են ունենում մե՛կ քպականները, մե՛կ քպամերձ սատելիտները, մե՛կ էլ՝ ադրբեջանական հայատյաց ղեկավարները: Դե, ոնց երևում է, «քոչարյանացավն» անբուժելի հիվանդություն է: Սեդրակ Քոչարյանն ընդդիմադիր գործիչ չէ, բայց նրա ամբողջ «մեղքն» էլ այն է, որ Ռոբերտ Քոչարյանի որդին է: Եվ վերջ: Մնացածը ջուր է՝ ներառյալ քրեական «գործերը»:
Եթե մեկ բառով բնորոշենք, ապա այս աննորմալ վիճակը բռնապետություն է, կամ այլ կերպ ասած՝ «մարտ առանց կանոնների»:
Բայց էլ ավելի տարակուսելի է մեկ այլ բան: Նկարագրված իրողությունները հաշվի առնելով՝ այսօր քաղաքական դաշտի և հասարակության ակտիվ հատվածի թիվ մեկ օրակարգը հենց սա պետք է լիներ: Ամենօրյա ռեժիմով, ամեն հարցազրույց, զրույց, հայտարարություն, հանդիպում՝ օտարերկրյա դեսպանների հետ, միջազգային այլ գործընկերների հետ, ամեն հանրային քննարկում պետք է սկսվի ու ավարտվի մոլեգնող բռնատիրության ու նշված վայրագ ռեպրեսիաների մասին շեշտումներով:
Այսինքն, այս հարցերը պետք է դառնան ներքին ու արտաքին օրակարգի առաջնային հարցերից մեկը՝ չստվերելով, անշուշտ, այլ կարևոր հարցերը ևս, առավել ևս՝ անվտանգային խնդիրները:
Սա է հիմնական խնդիրը: Ու մինչև լուծված չէ այս հիմնական խնդիրը, քանի դեռ ազատազրկված ու հանիրավի բանտարկված են ընդդիմադիր առաջնորդներն ու գործիչները, քանի դեռ կան քաղաքական պատանդներ, մնացած հարցերի վերաբերյալ քննարկումները դառնում են «թեթև զբաղմունք»:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում



