Մեքսիկայի ափերի մոտ «Սայմոն» փոթորիկը հասել է չորրորդ մակարդակի. սպասվում են ջրհեղեղներ և սողանքներ
МЕЖДУНАРОДНОЕՄեքսիկայի ափերին մոտեցող «Սայմոն» մրրիկն ուժգնացել է՝ հասնելով Սաֆիր-Սիմփսոնի սանդղակով 4-րդ կատեգորիայի, հայտնում է Associated Press-ը։
Քամու հիմնական արագությունը հասնում է 225 կմ/ժ-ի։ Այս մասին շաբաթ օրը՝ հոկտեմբերի 10-ին, ահազանգել է ԱՄՆ Փոթորիկների դիտարկման ազգային կենտրոնը (NHC)՝ վտանգի տակ գտնվող շրջանների բնակիչներին հորդորելով անհապաղ անվտանգության միջոցներ ձեռնարկել։
Օդերևութաբանների կանխատեսմամբ՝ Մեքսիկայի հարավ-արևմուտքում տեղումների քանակը կարող է հասնել 250-ից 500 մմ-ի, իսկ առանձին հատվածներում՝ ընդհուպ 760 մմ-ի։ Ակնկալվում է, որ մրրիկից առավել շատ կտուժի Հալիսկո նահանգի ափամերձ գոտին, ինչպես նաև Միչոական, Կոլիմա և Նայարիտ նահանգները։
Մասնագետներն ավելի վաղ զգուշացրել էին կյանքի համար վտանգավոր ջրհեղեղների ու սահանքների մասին։ Չորրորդ կատեգորիայի փոթորիկները դասվում են ամենակործանարարների շարքին․ այն տրվում է 209-251 կմ/ժ արագությամբ ցիկլոններին։
Վտանգի պատճառով Հալիսկոյի իշխանությունները ուրբաթ և երկուշաբթի օրերին չեղարկել են դասերը ափամերձ 22 համայնքների դպրոցներում։ Աղետի գոտիներից արդեն սկսվել է տասնյակ բնակիչների տարհանումը։
Իշխանությունները դիմել են նաև ամերիկացի զբոսաշրջիկների սիրված հանգստավայրի՝ Պուերտո Վալյարտայի տուրիստական ոլորտին՝ պահանջելով աշխատակիցներին ու հանգստացողներին ապահովել ապաստարաններով կամ տեղափոխել անվտանգ տարածքներ։
ԱՄՆ Փոթորիկների դիտարկման ազգային կենտրոնը կոչ է անում ափամերձ բնակիչներին աչքաթող չանել պաշտոնական զգուշացումներն ու անհապաղ նախապատրաստվել եղանակի հնարավոր վատթարացմանը։



