Իսկ իրականում՝ ինչպե՞ս է ադրբեջանցի զինծառայողը հատել սահմանը
ОБЩЕСТВОՍյունիքի մարզի Շաքի գյուղում ադրբեջանցի զինծառայողի՝ ՀՀ տարածք ներթափանցելու և բնակչի տան մեջ մտնելով տանտիրուհուն հրազենով վիրավորելու դեպքը լուրջ անհանգստություն է առաջացրել։ Միջադեպը լայն քննարկումների առիթ է դարձել, սակայն դրա շուրջ դեռ բազմաթիվ հարցեր մնում են անպատասխան։ Հիմնական հարցն այն է՝ ինչպե՞ս է հնարավոր դարձել նման ներթափանցումը։
Past.am-ի փոխանցմամբ՝ քննարկումների ընթացքում դեպքի պատասխանատվությունը հաճախ վերագրվում է ԱԱԾ Սահմանապահ զորքերին։ Սակայն ներկայացված տեղագրական տվյալների համաձայն՝ ադրբեջանցի զինծառայողի սահմանն ապօրինի հատած հատվածը Սահմանապահ զորքերի պահպանության տակ գտնվող մոտակա տեղամասերից և ուղեկալներից ավելի քան 50 կմ հեռավորության վրա է, ուստի տվյալ հատվածը նրանց պատասխանատվության գոտում չի գտնվում։
Միաժամանակ, միջադեպը մի շարք կարևոր հարցեր է առաջացնում։ Մասնավորապես՝ արդյո՞ք սահմանախախտը նախապես տեղեկություն է ունեցել տեղանքի առանձնահատկությունների մասին, ինչպե՞ս է ընտրվել այդ հատվածը և որքանո՞վ են այնտեղ արդյունավետ տեսադիտարկման ու կանխարգելիչ ինժեներական միջոցները։
Այս հարցերի պատասխանները մասնագիտական և իրավական քննության առարկա են։ Ակնհայտ է, որ տեղի ունեցածը պահանջում է անվտանգության համակարգերի աշխատանքի մանրամասն գնահատում և համապատասխան հետևություններ։
Past.am-ի փոխանցմամբ՝ խնդրի քննարկման ընթացքում կարևոր է հստակ տարբերակել պատասխանատվության գոտիները, որպեսզի հանրային ուշադրությունը չշեղվի բուն անվտանգային խնդիրներից և հնարավոր բացերի վերացման անհրաժեշտությունից։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում



