138.000 դոլար՝ Օքսֆորդի շրջանավարտների բիզնես ակումբը համաժողով կազմակերպելու համար
ОБЩЕСТВОԿառավարությունը գրավոր քվեարկության հարցերի փաթեթով նախօրեին որոշել է 50 մլն դրամ դրամաշնորհ տրամադրել «Հայաստանի Օքսֆորդի շրջանավարտների բիզնես ակումբ» հասարակական կազմակերպությանը՝ 2026 թվականի հոկտեմբերի 5-6-ը Երևանում կայանալիք Հայաստանի Հանրապետություն-Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն գործարար համաժողովի կազմակերպման ծախսերի համաֆինանսավորման նպատակով։
Հիմնավորման համաձայն՝ 25 մլն դրամը կապահովվի ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը հատկացված բյուջետային միջոցների հաշվին, և ևս 25 միլիոն էլ՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարությանը հատկացված բյուջետային միջոցներից կփոխանցվի ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը։
«Նախագծի մշակման և իրականացման գործընթացում առանցքային դերակատարություն ունեն ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը և ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարությունը։
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրությամբ երկու նախարարություններին էլ հանձնարարվել է քննարկել առկա ծրագրերի շրջանակներում համաժողովի անցկացման համար ֆինանսավորման հատկացման հնարավորությունը։
Համաժողովի պատշաճ կազմակերպման աշխատանքներում, ըստ ՀՀ փոխվարչապետի գրության, ներգրավված են նաև ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությունը, ՀՀ ֆինանսների նախարարությունը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամը՝ յուրաքանչյուրն իր իրավասությունների շրջանակում»,- ասվում է փաստաթղթում։
Միջոցառման կազմակերպիչը Հայաստանի Օքսֆորդի շրջանավարտների բիզնես ակումբն է։ Կազմակերպիչների հետ աշխատանքային կապի համար ներկայացված են ակումբի խորհրդի նախագահ Ալեքսանդր Շաղիկյանը և ակումբի խորհրդի անդամ, ՀՀ-ՄԹ գործարար համաժողովի կազմակերպչական կոմիտեի ղեկավար Հայկ Կարապետյանը։
Ըստ հիմնավորման՝ նպատակը, ինչպես արձանագրվել է Նիկոլ Փաշինյանի մոտ կայացած խորհրդակցության ընթացքում, գործընկերային կապերի հաստատումն է և ներդրումների ներգրավումը։



