Flydubai-ի ինքնաթիռում արյունոտ ու սարսափելի իրավիճակ է․ դանակահարել են օդաչուին
ОБЩЕСТВОԴուբայից Թել Ավիվ ուղևորվող Flydubai-ի FZ1073 չվերթի շուրջ նոր մանրամասներ են հրապարակվում։ Ինքնաթիռում տեղի ունեցած միջադեպից հետո համացանցում տարածվել են օդանավի ներսում արված լուսանկարներ և տեսանյութեր։
Կադրերից մեկում երևում է արյունոտ հագուստով տղամարդ։ Իսրայելական լրատվամիջոցները այն ներկայացրել են որպես ինքնաթիռի ներսում տեղի ունեցած բախման հետևանք, սակայն Reuters-ը նշում է, որ հրապարակված լուսանկարը դեռևս անկախորեն չի կարողացել ստուգել։
Միաժամանակ Telegram-ում տարածվել է նաև տեսանյութ, որում երևում է ինքնաթիռի պատուհանից բացվող տեսարանը, իսկ ֆոնին լսվում են ուղևորների գոռոցներն ու անհանգիստ ձայները։ Տեսանյութի հրապարակման մասին հայտնել են մի շարք լրատվամիջոցներ։
Ըստ Reuters-ի՝ FZ1073-ը թռիչքի ընթացքում նախ փոխանցել է ընդհանուր արտակարգ իրավիճակի ազդանշան, այնուհետև՝ հնարավոր անօրինական միջամտության մասին ազդանշան։ Ինքնաթիռը կտրուկ փոխել է ուղղությունը և ի վերջո վայրէջք կատարել Սաուդյան Արաբիայի Թաբուք քաղաքում։ Բոլոր ուղևորներն ու անձնակազմի անդամները ողջ են մնացել։
Իսրայելցի պաշտոնյան Reuters-ին հայտնել է, որ ազդանշանները փոխանցվել են օդաչուների միջև ֆիզիկական բախումից հետո։ Ուղևորների պատմություններում հիշատակվում են նաև դանակ, գոռոցներ և օդաչուների խցիկում արյան առկայություն։ Միևնույն ժամանակ, միջադեպի ամբողջական պատճառներն ու իրադարձությունների հաջորդականությունը դեռ պարզվում են։
Past.am-ի փոխանցմամբ՝ դեպքի վերաբերյալ համացանցում հայտնված տեսանյութերն ու լուսանկարները շարունակում են տարածվել սոցիալական ցանցերում, սակայն դրանցից յուրաքանչյուրի իսկությունը առանձին ստուգման կարիք ունի։ Past.am-ը հետևում է նոր մանրամասներին։



