Չինաստանը առգրավել է F-35 կործանիչի պահեստամասեր, որոնք հայտնվել էին Հոնկոնգում. Bloomberg
МЕЖДУНАРОДНОЕՉինաստանի կառավարությունն առգրավել է ամերիկյան F-35 կործանիչի պահեստամասեր, որոնք Ավստրալիայից ԱՄՆ տեղափոխվելիս անհայտ պատճառներով հայտնվել էին Հոնկոնգում։ Այս մասին հայտնել է Bloomberg-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները։
Հոնկոնգում այդ մասերի հայտնաբերման մասին առաջինը տեղեկացրել էր Politico-ն։ Հրապարակումներում նշված աղբյուրների համաձայն՝ ավստրալական «F-35»-ի օդաչուի խցիկի ծածկը և սպառազինության խցիկի դուռը մայիսի վերջին ուղարկվել էին ԱՄՆ՝ զննման և վերանորոգման կամ ոչնչացման նպատակով։
Bloomberg-ը պարզել է, որ բեռնափոխադրումն իրականացնում էր UPS ընկերությունը։ Ճանապարհին բեռը կանգառ է ունեցել Հարավային Կորեայում, որից հետո դրա երթուղին փոխվել է դեպի Հոնկոնգ։ Չինական իշխանություններն առգրավել են բաղադրիչները և դեռևս չեն վերադարձրել դրանք։ Առայժմ հայտնի չէ՝ երթուղին փոխվել է պատահակա՞ն, թե՞ դիտավորյալ։
Գործակալությունը նշել է, որ «Lockheed Martin»-ի արտադրած երկու մասերն էլ պատված են եղել ռադարային ճառագայթումը կլանող հատուկ նյութով, որն օգտագործվում է «ստելս» (աննկատելիության) տեխնոլոգիաներում։
Միջադեպը հետաքննում են ԱՄՆ Կոնգրեսի առնվազն երկու հանձնաժողով, Պենտագոնը և Ավստրալիայի իշխանությունները։ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հաստատել է, որ տեղյակ է խնդրի մասին և աշխատում է բաղադրիչների վերադարձն ապահովելու ուղղությամբ։



