«Ոչ թալանին» նախաձեռնությունը պահանջեց պատժել թե՛ բռնություն կիրառած ոստիկաններին, թե՛ հրամաններ արձակողներին
ОБЩЕСТВОԻնչպես հայտնում է Past.am-ը, հուլիսի 14-ին, «Ոչ թալանին» խումբը նախաձեռնել էր երթ դեպի ՀՀ գլխավոր դատախազության շենք: Մեկնարկը տրվեց «Մոսկվա» կինոթատրոնի մոտից:
Ակտիվիստներն ասացին, որ իրենք պահանջում են պատժել բոլոր այն ոստիկաններին,ովքեր բռնություն են կիրառել խաղաղ ցուցարարների նկատմամբ:
Ըստ նրանց՝ խոսքը նաև հրաման տվողների մասին է:
«Երեկ ոստիկանությունը հայտարարեց, որ ոստիկանության որոշ աշխատակիցների հանդեպ տույժեր են կիրառվել, մի հոգու պաշտոնն է իջեցվել, բայց դա մեզ չի բավարարում: Այն, ինչ կատարվեց ամսի 23-ին, ապա նաև 6-ին, սրիկայություն էր»,- ասաց նախաձեռնության անդամ Մաքսիմ Սարգսյանը:
Ակցիայի մասնակիցները ձեռքերում պահել էին լուսանկարներ: Նրանք հայտնեցին, որ դրանք հունիսի 23-ին բռնություններ կիրառած քաղաքացիական հագուստով ոստիկանների լուսանկարներն են:
Ակցիան իրականացվում էր ոստիկանական շղթայի ուղեկցությամբ: Ցուցարարները վանկարկում էին «միացում, պատժեք, սթափվեք» և այլ կոչեր: Նրանք իրենց հետ բերել էին «խաղաղ ցուցարար եմ, ինձ էլ չխփես»,« լրագրող եմ,չխփես» և այլ պաստառներ:
Այնուհետ նախաձեռնողները դատախազության ճանապարհին չնախատեսված նստացույց արեցին Մաշտոց-Ամիրյան խաչմերուկում: Ոստիկանները պատ կազմեցին և պահանջեցին բացել փողոցը:
Փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանն ասաց, որ եթե փողոցը չբացեն ինքնակամ, ֆիզիկական ուժ կկիրառվի: Այդ իրավիճակը շարունակվեց մոտ 20 րոպե:
Այնուհանդերձ, ակտիվիստները բացեցին փողոցի երթևեկելի մասը: Նրանք շարունակեցին երթը և հասնելով Հանրապետության հրապարակ՝ կրկին նստեցին: Օսիպյանը դարձյալ կոչ արեց ազատել ճանապարհը՝ զգուշացնելով ուժի կիրառման և վարչական պատասխանատվության ենթարկելու մասին: Հանրապետության հրապարակում նրանք մնացին մոտ կես ժամ, այնուհետ հասան ի սկզբանե նախատեսված վայրը՝ Գլխավոր դատախազության շենքի դիմաց: Ակցիան ավարտվեց այդ վայրում:
Լևոն Փանոսյան



