Խմելու ջրի ցանցի վարձակալի մրցույթին հայտ է ներկայացրել վեց ընկերություն և մեկ կոնսորցիում
ОБЩЕСТВОԽմելու ջրի ցանցի վարձակալի նախաորակավորման մրցույթը բացված է. փետրվարի 22-ին տեղի ունեցավ ՀՀԳՆՋՏՊԿ-ՄԵԾՁԲ-N15/1 ծածկագրով նախաորակավորման ընթացակարգի (մրցակցային երկխոսության) բացման նիստը: Ներկայումս խմելու ջրի ոլորտում ջրամատակարարման և ջրահեռացման ծառայություններ են մատուցում 5 մասնագիտացված ընկերություններ` «Երևան Ջուր», «Հայջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոուղի» և «Նոր Ակունք» ՓԲԸ - ները:
Որպես մրցույթի կողմ՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեն ստեղծել է նախաորակավորման մրցույթի գնահատող հանձնաժողով՝ ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանի նախագահությամբ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին կոմիտեից, փետրվարի 22-ի ժամը 10.30-ին ավարտվել է հայտերի ներկայացման ժամկետը և հանձնաժողովը բացել է հայտերն ու կատարել ներկայացված փաստաթղթերի գրանցում:
Մրցույթին հայտեր էին ներկայացրել «ՍԱՈՒՐ ՍԱՍ», «Վեոլա Օ Կոմպանի Ժեներալ Դեզ Օ» ԿԲԸ, «Էյ-Ի-Ջի-Սերվիս» ՍՊԸ, «Դեկոն ինտերնացիոնալ», «ՋիԷմբի Էյջ», «Կոնսուլակվա Համբուրգ եռաթունգսգեզելշաֆթ ԷմԲեՀաշ» և «Եվրավասել Աուֆբեռայթունգսունդ Էնթզորգունգս ԳեԷմԲեՀաշ» կոնսորցիումը և «ԱԿԵԱ ՍպԱ» ընկերությունները:
Հանձնաժողովը ստուգել է ներկայացված փաստաթղթերն ու արձանագրել դրանց ամբողջականությունը:
Բացման արարողությանը մասնակցում էին նաև հայտատու ընկերությունների ներկայացուցիչներ:
Գնահատող հանձնաժողովի խնդիրն է առաջիկա շաբաթվա ընթացքում կատարել ընկերությունների՝ մրցույթին համապատասխանության գնահատում և հայտողների կազմը ներկայացնել ՀՀ կառավարության հաստատմանը:



