ԱՄՆ-ում օդանավակայան կվերանվանվի քանթրի երաժշտության լեգենդ Դոլլի Փարթոնի անունով
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ Թենեսի նահանգում Նեշվիլի միջազգային օդանավակայանը կարող է անվանակոչվել ամերիկյան քանթրի երաժշտության լեգենդ Դոլլի Փարթոնի անունով։
Նեշվիլի մետրոպոլիտեն օդանավակայանային վարչության հանձնաժողովը միաձայն՝ 6 կողմ ձայնով, քվեարկել է օդանավակայանի անվանումը փոխելու գործընթացը սկսելու օգտին։ Վերջնական անվանումը դեռ հաստատված չէ, սակայն քննարկվում է «Դոլլի Փարթոնի միջազգային օդանավակայան» տարբերակը։
Օդանավակայանի վարչությունից հայտնել են, որ համագործակցում են համապատասխան կողմերի հետ՝ որոշելու, թե ինչպես պետք է Փարթոնի անունն ու ժառանգությունը ներառվեն օդանավակայանի անվանման մեջ։ Նշվում է, որ գործընթացը կարող է տևել մեկ տարի կամ ավելի, իսկ վերջնական որոշումը կկայացվի օդանավակայանի ղեկավարության և երգչուհու հիմնադրած Dollywood Foundation-ի համատեղ համաձայնությամբ։
Այս քայլը կարող է պատմական դառնալ, քանի որ Դոլլի Փարթոնը կդառնա ԱՄՆ-ի 50 ամենածանրաբեռնված օդանավակայաններից մեկի անվան մեջ հիշատակվող առաջին կինը։
Օդանավակայանը Փարթոնի անունով անվանակոչելու նախաձեռնությունը շրջանառվում էր դեռևս նրա մահից առաջ։ 2025 թվականի սկզբին այդ նպատակով ստորագրահավաք էր մեկնարկել։ Երգչուհու մահից հետո՝ օգոստոսի 25-ին, նախաձեռնությունը ստացել է նաև քաղաքական տարբեր ճամբարների ներկայացուցիչների աջակցությունը։
Թենեսիի հանրապետական նահանգապետ Բիլ Լին, ինչպես նաև Նեշվիլի դեմոկրատ քաղաքապետ Ֆրեդի Օ’Քոնելը աջակցել են նախաձեռնությանը։ Լին հայտարարել էր, որ այն վայրում, որտեղ Թենեսին ողջունում է աշխարհին, նպատակահարմար է, որ Նեշվիլի օդանավակայանը կրի նահանգի սիրելի դստեր անունը։
Դոլլի Փարթոնը մահացել է օգոստոսի 25-ին՝ 80 տարեկան հասակում։ Euronews-ի փոխանցմամբ՝ նա մահացել է քաղցկեղի դեմ կարճատև պայքարից հետո։ Նրա մահից հետո աշխարհում բազմաթիվ երկրպագուներ, հայտնի մարդիկ և հասարակական գործիչներ իրենց հարգանքի տուրքն են մատուցել երգչուհուն։
Միաժամանակ Փարթոնի ընտանիքը կոչ է արել զերծ մնալ նրա մահվան շուրջ ապատեղեկատվության և արհեստական բանականությամբ ստեղծված կեղծ բովանդակության տարածումից։ Երգչուհու քույրը՝ Սթելլա Փարթոնը, նշել է, որ ընտանիքը մեծ ճնշման և անզգայության է ենթարկվում անծանոթ մարդկանց կողմից և կոչ է արել Դոլլի Փարթոնի կյանքը օրինակ ծառայեցնել հանդուրժողականության ու հարգանքի համար։
Անի Վարդանյան



