Քրիստինե Պեպելյանի անակնկալ նվերը 3 ընկերուհիներին՝ Վիկային, Անահիտին և Աննային
ЛАЙФBlognews.am-ը գրում է.
Երգչուհի Քրիստինե Պեպելյանը պատրաստվում է մեկնել ԱՄՆ, որտեղ շուտով մենահամերգ է ունենալու։ BlogNews-ի հետ զրույցում Քրիստինեն նշեց, որ ԱՄՆ-ում նոր ծրագրով է ներկայանալու։
«Կան երգեր, որոնք ստիպված եմ հանել ծրագրից, քանի որ այս ընթացքում ավելացել են նոր երգեր, կան նաև երգեր, որոնք հնարավոր չէ չներառել ծրագրում,- ասաց երգչուհին, ով այս անգամ չի պահպանել «Շնորհակալ եմ» խորագիրը։ -Նոր խորագիր ենք մտածում, մի քանի տարբերակ ունենք, սակայն դեռ վերջնական չենք ընտրել»։ Քրիստինեն նշեց, որ, ամենայն հավանականությամբ, ԱՄՆ կմեկնի մայրիկի հետ։
Ըստ երգչուհու՝ հասունացել է նաև Երևանում կրկին մենահամերգ ունենալու պահը։ «Չգիտեմ՝ 2016-ին կհասցնե՞մ, թե՞ ոչ, անելիքներս շատ են։ Հուսով եմ՝ այդքան ուժ, եռանդ ու առողջություն կունենամ մենահամերգի համար։ Միգուցե հաջորդ տարվա գարնանը հասցնեմ ինչ-որ բան անել»,- ասաց նա։

Քրիստինեն նշեց, որ ուզում է հնարավորինս վայելել այս տարին։ «Քանի որ Կապիկի տարի է, իսկ ես Կապկի տարվա ծնունդ եմ, ուզում եմ այս տարին ամբողջությամբ վայելել՝ իր բոլոր խենթություններով, սիրունություններով ու պոզիտիվներով։ Ուզում եմ վայելել և՛ աշխատանքային, և՛ հանգստի առումով։ Հանգստի ընթացքում ստեղծագործական պրոցեսի համար ավելի լավ, խաղաղ պայմաններ են ստեղծվում, այնպես որ, դրանք համատեղելի են»,- ասաց երգչուհին՝ հավելելով, որ ԱՄՆ-ից վերադառնալուց հետո շատ անելիքներ ունի։
Երգչուհին պատրաստվում է նոր տեսահոլովակ նկարահանել Րաֆֆի Ալթունյանի հեղինակած ստեղծագործության հիման վրա։ «Շատ եմ սպասում այս տեսահոլովակին։ Սա անչափ պոզիտիվ մի երգ է աղջիկների ընկերության մասին։ Հումորային տեսահոլովակ է լինելու այն մասին, որ երբ աղջիկները հավաքվում են, մոռանում են աշխարհում ամեն ինչի մասին։ Ես այս երգը երգել եմ իմ 3 ընկերուհիների՝ Վիկա Մարտիրոսյանի, Անահիտ Մխիթարյանի և Աննայի համար։ Շատ հետաքրքիր, սիրուն երգ է»,- պատմեց երգչուհին ու հայտնեց, որ այն դեռ ոչ մի տեղ չի հնչել, միայն ընկերուհիներն են լսել։ «Իրենց համար դա անակնկալ էր, քանի որ չեն մասնակցել ստեղծագործական պրոցեսին և տեղյակ չէին, որ այսպիսի երգ եմ ունենալու։ Հիմա արդեն Վիկան բեմադրում է տեսահոլովակի պարը»,- ոգևորությամբ նշեց Քրիստինեն։
Երգչուհին ասաց նաև, որ մի շարք նոր երգեր ունի, այնքան, որ նույնիսկ չի հասցնում դրանք տալ գործիքավորման ու հույս հայտնեց, որ ընթացիկ տարում կհասցնի շատ բան անել։


Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի



