Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-ում տեղակայված ՌԴ զորամասում
ОБЩЕСТВОԻրավապահները պարզել են Գյումրի քաղաքի Ծննդատան փողոց 32 հասցեում երեկ տեղի ունեցած սպանության մասնակիցների, մահացածի և կասկածյալների ինքնությունը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քրեական ու համայնքային ոստիկանները պարզել են, որ ժամը 11։00-ի սահմաններում նշված հասցեում ավտոմեքենայի կայանման հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել ՌԴ քաղաքացի 44-ամյա Թովմաս Ղուկասյանի և 26-ամյա Գոռ Հովհաննիսյանի միջև, որին միջամտել է մյուս հարևանը՝ 77-ամյա Միշա Ղազարյանը, ով ձեռքով հարվածել է Թ. Ղուկասյանին, նրա հորեղբոր որդուն՝ Շիրակի մարզի բնակիչ 41-ամյա Ֆրունզե Ղուկասյանին, որից հետո Ծննդատան փողոց 39 հասցեի դիմաց միմյանց փոխադարձ հարվածներ են հասցրել վերջինիս հայրը՝ Շիրակի մարզի բնակիչ 64-ամյա Գարեգին Ղուկասյանը և Մ. Ղազարյանը։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ժամը 16։00-ի սահմաններում Գ. Ղուկասյանը նշված հասցեի բակում հանդիպելով Մ. Ղազարյանին՝ միջադեպի վերաբերյալ կրկին վիճաբանել են, որի ընթացքում Մ. Ղազարյանը, փեսան՝ Շիրակի մարզի բնակիչ 57-ամյա Սամվել Սիմոնյանը, վերջինիս որդին՝ Շիրակի մարզի բնակիչ 26-ամյա Միշա Սիմոնյանը, ձեռքերով, մետաղյա թասով և մուրճով հարվածներ են հասցրել Գ. Ղուկասյանի գլխին և մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ, որի ընթացքում Գ. Ղուկասյանը ձեռքին եղած ծալովի դանակով հարվածել է Մ. Սիմոնյանին և Ս. Սիմոնյանին, ինչի հետևանքով Մ. Սիմոնյանը մահացած վիճակում, իսկ Ս. Սիմոնյանը և Գ․ Ղուկասյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գյումրի» բժշկական կենտրոն։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ միջադեպի ժամանակ Մ. Ղազարյանը հարվածել և ձեռքի շրջանում մարմնական վնասվածք է պատճառել Գ. Ղուկասյանի կնոջը՝ 64-ամյա Սվետլանա Ղուկասյանին։
Թովմաս Ղուկասյանը ծառայում է ՀՀ-ում տեղակայված ՌԴ զորամասում՝ որպես պայմանագրային զինծառայող, Գոռ Հովհաննիսյանը աշխատում է «Ահուազ» ռեստորանում՝ որպես խոհարար, իսկ Սամվել Սիմոնյանը՝ «Քինգ Մարշալ» ընկերությունում՝ որպես անվտանգության աշխատակից, իսկ մահացած Մ․ Սիմոնյանը մասնագիտությամբ բժիշկ էր։



