Ի՞նչ է իրականում տեղի ունեցել Կոռնիձորում․ ադրբեջանցիների առաջխաղացում կա՞
ОБЩЕСТВО«Ես ուղղակի չեմ հասկանում այն մարդկանց, ովքեր փորձում են մեր բնակչությանն ահաբեկել սուտ լուրերով»,- MediaHub-ին ասում է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանը՝ անդրադառնալով օրերս տարածված տեղեկություններին, թե ադրբեջանական կողմը փորձում է առաջ շարժվել ՀՀ տարածքում՝ Կոռնիձորի ուղղությամբ։
Ի՞նչ է իրականում տեղի ունեցել Կոռնիձորում․ Սուրեն Ամարյանի խոսքով՝ գյուղում և սահմանային հատվածում իրավիճակը հանգիստ է։ Նրա պնդմամբ՝ արդեն շուրջ երեք տարի է՝ որևէ կրակոց կամ սահմանային խախտում չի արձանագրվել։
«Մենք խաղաղություն ենք ուզում, սպասում ենք, որ սահմանազատումը լինի, հասնենք մեր վերջնական խաղաղությանը։ 70 տարեկան մարդ եմ, հիշում եմ, որ դեռ խորհրդային տարիներից հայ-ադրբեջանական սահմանը բաժանվում էր Հակարի գետով։ Գետի մյուս կողմում իրենք էին, այս կողմում՝ մենք։ Հիմա էլ նույն պատկերն է․ սահմանը բաժանված է գետով։ Իրենցից մի քանի մետր հեռավորության վրա հող ենք մշակում, ոչ մի կրակոց, ոչ մի արտակարգ դեպք չկա»,- ասում է Ամարյանը։
Կոռնիձորի վարչական ղեկավարը նաև նշում է, որ այո՛ Սյունիքում կան տարածքներ, որոնք դե յուրե պատկանում են Հայաստանի Հանրապետությանը, սակայն ներկայում գտնվում են ադրբեջանական օկուպացիայի տակ։
«Ես չեմ կարող ասել, թե դա ինչպես կվերադարձվի, ես սահմանազատմամբ չեմ զբաղվում։ Երբ արդեն վերջնական սահման կունենանք, այդ ժամանակ ամեն ինչ պարզ կլինի։ Ինչ վերաբերում է օրերս տարածված տեղեկություններին, դա տեղի էր ունեցել տարիներ առաջ։ Հիմա ամեն ինչ լավ է»,- ընդգծում է նա։



