Իրանը պայմաններ է սահմանում Հորմուզի նեղուցում նավագնացության վերականգնման համար. WSJ
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իրանը Հորմուզի նեղուցում առևտրային նավագնացության վերականգնման համար մի շարք պայմաններ է առաջադրել, սակայն Թեհրանի, Օմանի և Միացյալ Նահանգների միջև վերջնական համաձայնություն դեռևս չկա։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը։
Պարբերականի տվյալներով՝ Իրանը պահանջում է մասնակցել նեղուցով անցնող նավերից գանձվող վճարների բաշխմանը, ինչպես նաև պնդում է, որ Միացյալ Նահանգները վերացնի իրանական նավահանգիստների նկատմամբ կիրառվող սահմանափակումներն ու պատժամիջոցների մի մասը։
Քննարկվող ժամանակավոր մեխանիզմի համաձայն՝ Պարսից ծոց մուտք գործող նավերը կարող են շարժվել Իրանի վերահսկողության տակ գտնվող երթուղով, իսկ դուրս եկող նավերը՝ Օմանի վերահսկողության ներքո։ Իրանական կողմը ցանկանում է վերահսկել մուտքային նավագնացությունը և տեղեկություններ ստանալ նաև նեղուցից դուրս եկող նավերի մասին։
Թեհրանը նաև դեմ է նեղուցի կառավարմանը տարածաշրջանի այլ պետությունների կամ արտաքին ուժերի մասնակցությանը՝ պնդելով, որ այն պետք է կառավարվի միայն Իրանի և Օմանի կողմից՝ յուրաքանչյուր երկրի վերահսկողության տակ գտնվող տարածքներում։
Միացյալ Նահանգները և նրա տարածաշրջանային դաշնակիցները, սակայն, մտահոգված են, որ առաջարկվող մեխանիզմը կարող է Իրանին չափազանց մեծ վերահսկողություն տալ ռազմավարական նշանակություն ունեցող ջրային ճանապարհի նկատմամբ։ Վաշինգտոնը պահանջում է ազատ և անվտանգ նավագնացություն՝ առանց պարտադիր վճարների, ինչպես նաև երաշխիքներ, որ նավերը չեն ենթարկվի հարձակումների կամ սահմանափակումների։
The Wall Street Journal-ը նշում է, որ բանակցությունները բարդացել են նեղուցի մերձակայքում առևտրային նավի վրա տեղի ունեցած նոր հարձակումից հետո։ Դեպքը մեծացրել է կասկածները, թե որքան արագ կարող է ձեռք բերվել համաձայնություն և ապահովվել նավերի անվտանգ անցումը։
Հորմուզի նեղուցի վերաբացումը համաշխարհային էներգետիկ շուկայի համար առանցքային նշանակություն ունի, քանի որ պատերազմից առաջ այդ ճանապարհով էր փոխադրվում աշխարհում առևտրով շրջանառվող նավթի և հեղուկ բնական գազի զգալի մասը։ Բանակցությունների հնարավոր առաջընթացի մասին հաղորդագրություններից հետո միջազգային շուկայում նավթի գները նվազել են։
Հետևեք մեզ՝ այստեղ



