Սեյրան Օհանյան. ՊՆ-ում գնումների գործընթացն էականորեն բարելավել է
ОБЩЕСТВОՎերջին շրջանում, չնայած տարատեսակ շահարկումներին, զինված ուժերում նյութատեխնիկական ապահովման եւ գնումների գործընթացի բարելավման, դրա թափանցիկության ապահովման եւ օրինախախտումների նվազեցման ուղղությամբ տարվող հետեւողական աշխատանքները էականորեն բարելավել են ոլորտի մակարդակը: Այդ մասին ասել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Փետրվարի 19-ին ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված զինված ուժերում նյութատեխնիկական ապահովման եւ գնումների պլանավորման ու կազմակերպման հարցերին: ՊՆ կենտորանական ապարատի ղեկավար կազմի հետ անցկացված խորհրդակցությանը մասնակցել է նաեւ ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը:
Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի խոսքով՝ նյութատեխնիկական ապահովման խնդիրները մշտապես գտնվում են հանրապետության բարձրագույն ղեկավարության ուշադրության կենտրոնում, թեեւ դրական տեղաշարժն ակնհայտ է, սակայն, այնուամենայնիվ, կան նաեւ բացթողումներ:
ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանն էլ փաստեց, որ զինված ուժերի նյութատեխնիկական ապահովման ոլորտում օբյեկտիվություն եւ արդարություն ապահովելու նպատակով՝ պետք է հնարավորինս կենտրոնացնել ջանքերը՝ թույլ չտալով ցանկացած տեսակի չարաշահում եւ հովանավորչություն:
Խորհրդակցության ավարտին՝ Սեյրան Օհանյանը եւ Գեւորգ Կոստանյանը հստակ ցուցումներ տվեցին՝ գնումների գործընթացի վերահսկողության ուղղությամբ կազմել համատեղ աշխատանքային պլան եւ ինքնուրույն աշխատանքով հետեւողականորեն շարունակել ոլորտի բարելավումը՝ ուշադրություն չդարձնելով անհիմն շահարկումներին:



