Ինչո՞ւ է Ալիևին անհանգստացնում Սամվել Կարապետյանի անունը
ПОЛИТИКАՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Շուշիում անցկացված գլոբալ մեդիաֆորումում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հնչեցրած հայտարարությունները հերթական անգամ ուշադրություն հրավիրեցին այն հարցերի վրա, որոնք, ըստ շատերի, շարունակում են անհանգստացնել պաշտոնական Բաքվին։ Իր ելույթում Ալիևը քննադատության թիրախ դարձրեց մի շարք միջազգային գործիչների և կազմակերպությունների, որոնք տարբեր ժամանակներում պահանջել էին բացել Լաչինի միջանցքը կամ կոշտ գնահատականներ էին տվել Արցախի շրջափակման և այնտեղ բնակվող հայերի նկատմամբ իրականացված գործողություններին։
Մասնավորապես, նա հիշատակել է Եվրոպական միության արտաքին քաղաքականության նախկին բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելին, ինչպես նաև Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին։ Վերջինս ժամանակին հրապարակայնորեն հայտարարել էր, որ Լաչինի միջանցքի շրջափակումը կարող է ունենալ ցեղասպանության վտանգի հատկանիշներ։
Իր ելույթում Ալիևը նաև պնդել է, թե Օկամպոյի գործունեությունը ֆինանսավորվել է «ռուսահայ օլիգարխի» կողմից, որն այժմ գտնվում է տնային կալանքի տակ Հայաստանում։ Թեև Ադրբեջանի նախագահը որևէ անուն չի նշել, սակայն ավելի ուշ Նարեկ Կարապետյանի արձագանքից պարզ դարձավ, որ խոսքը վերաբերում է գործարար Սամվել Կարապետյանին։
Ստեղծված իրավիճակը բազմաթիվ հարցեր է առաջացնում։ Եթե որևէ հայ գործարար կամ հանրային գործիչ կարողացել է միջազգային հեղինակավոր շրջանակներում ձևավորել այնպիսի կապեր և ազդեցություն, որոնք անհանգստացնում են անգամ Ադրբեջանի ղեկավարությանը, ապա դա շատ երկրների համար կարող էր դիտարկվել որպես կարևոր ազգային ռեսուրս։ Նման ներուժը, բնականաբար, կարող էր ծառայել Հայաստանի շահերի պաշտպանությանը միջազգային տարբեր հարթակներում։
Սակայն, այս գնահատականների համաձայն, Հայաստանում այսօր այլ պատկեր է։ Սամվել Կարապետյանը գտնվում է տնային կալանքի տակ, նրա գործունեության նկատմամբ կիրառվում են սահմանափակումներ, իսկ նրա հետ կապվող բիզնես կառույցները հայտնվել են պետական ճնշումների ներքո։
Այս իրավիճակը քննադատների կարծիքով ցույց է տալիս, որ քաղաքական հակասությունները հաճախ գերակայում են պետական և համազգային շահերին։ Նրանց համոզմամբ՝ այն ներուժը, որը կարող էր ծառայել Հայաստանի միջազգային դիրքերի ամրապնդմանը, այսօր ոչ միայն չի օգտագործվում, այլև դարձել է ներքաղաքական պայքարի առարկա։
Արդյունքում, ըստ այդ գնահատականների, ստեղծվում է մի իրավիճակ, երբ Հայաստանի ներսում ընթացող քաղաքական գործընթացները ոչ թե նպաստում են ազգային ներուժի համախմբմանը, այլ հակառակը՝ թուլացնում են այն՝ միաժամանակ լրացուցիչ հնարավորություն տալով երկրի հակառակորդներին օգտագործելու այդ իրողությունները սեփական քարոզչական նպատակների համար։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
Հետևեք մեզ՝ այստեղ



