Ադրբեջանը նոր պահանջ է առաջ մղում
ПОЛИТИКАՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ադրբեջանի Միլի մեջլիսի փոխխոսնակ Զիյաֆեթ Ասկերովի հերթական հայտարարությունը, ըստ որի՝ «արևմտյան ադրբեջանցիները» իրավունք ունեն վերադառնալու իրենց «պատմական հողերը», ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Բաքուն չի հրաժարվում Հայաստանի տարածքային ամբողջականության վերաբերյալ վտանգավոր և երկարաժամկետ նպատակներ պարունակող քարոզչությունից։ Այս թեզը վաղուց արդեն դուրս է եկել պատմական քննարկումների շրջանակներից և վերածվել է քաղաքական ճնշման գործիքի, որն օգտագործվում է Հայաստանի նկատմամբ նոր պահանջներ ձևակերպելու համար։
Սակայն խնդրի մյուս կողմը ոչ պակաս մտահոգիչ է։ Մինչ Ադրբեջանը հետևողականորեն առաջ է տանում իր օրակարգը, Հայաստանի իշխանությունները շարունակում են խուսափել համարժեք արձագանքից՝ արտաքին քաղաքական հարթակում ցուցաբերելով զգուշավորություն, որը շատերի գնահատմամբ վերածվել է պասիվության։
Փոխարենը, որ պաշտոնական Երևանը կոշտ և հստակ դիվանագիտական պատասխաններ տա նման հայտարարություններին, գերակշռում է լռությունը կամ թեմայի շրջանցումը։ Սա այն պայմաններում, երբ հայկական կողմը տարբեր հարցերում ցուցաբերում է պատրաստակամություն՝ քննարկելու և բավարարելու Ադրբեջանի կողմից առաջ քաշվող բազմաթիվ պահանջներ՝ սահմանազատման գործընթացից մինչև սահմանադրական փոփոխությունների թեմա։
Արդյունքում ձևավորվել է մի պատկեր, երբ ներքաղաքական կյանքում իշխանությունները հանդես են գալիս կոշտ հայտարարություններով և վճռական հռետորաբանությամբ, սակայն արտաքին մարտահրավերների դեպքում խուսափում են նույնիսկ ամենաբնական հարցադրումները բարձրաձայնելուց։
Եթե Հայաստանը կատարում է խաղաղության գործընթացի շրջանակում ներկայացվող պահանջները, ապա ինչո՞ւ Ադրբեջանը չի հրաժարվում «Արևմտյան Ադրբեջանի» գաղափարից, որը բացահայտորեն հակասում է բարիդրացիական հարաբերությունների և խաղաղության տրամաբանությանը։
Առանձին քննարկման թեմա է նաև Արցախի հարցի նկատմամբ որդեգրված քաղաքականությունը։ Հայաստանի ներկայիս իշխանությունները փաստացի հրաժարվել են միջազգային հարթակներում հետևողականորեն բարձրաձայնել Արցախի հայության վերադարձի, նրանց հիմնարար իրավունքների և սեփականության պաշտպանության հարցերը։ Այս մոտեցումը հանգեցրել է նրան, որ ադրբեջանական կողմը միջազգային հարթակներում ավելի ազատ է առաջ մղում սեփական պատմաքաղաքական թեզերը։
Այս իրավիճակում Ադրբեջանը, որը Արցախի հայ բնակչության տեղահանությունից հետո ակտիվորեն տարածում է «Արևմտյան Ադրբեջանի» գաղափարը, փաստացի չի հանդիպում համարժեք հակազդեցության։ Իսկ պաշտոնական Երևանը, քննադատների գնահատմամբ, գերադասում է չսրել հարաբերությունները՝ պահպանելով խաղաղության գործընթացի վերաբերյալ իր պատկերացումները։
Քանի դեռ հայկական դիվանագիտությունը չի կարողանում հավասարակշռված և սկզբունքային կերպով պաշտպանել ազգային շահերը, ցանկացած նոր համաձայնագիր հասարակության մի մասի կողմից ընկալվելու է ոչ թե որպես կայուն խաղաղության հիմք, այլ որպես հերթական միակողմանի զիջումների ամրագրում։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
Հետևեք մեզ՝ այստեղ



