Փաշինյանը եվրոպացիներին կարողացավ վաճառել հակառուսականությունը. Սամվել Կարապետյան
ПОЛИТИКА«Այս ընտրություններում մենք չենք հաղթել, բայց Փաշինյանն էլ չի հաղթել։ Իրոք, դա այդպես է»,- մի քանի լրատվամիջոցների խմբագիրների հետ հանդիպմանն ասաց «Ուժեղ Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու, գործարար, բարերար Սամվել Կարապետյանը։
Նա նշեց, որ գոյություն ունի երկու Փաշինյան. «Մի Փաշինյանը մարդ է, շատ վատ մարդ է, բայց մարդ է՝ թույլ, վախկոտ, ստախոս, ագահ։ Այդ բազայի վրա դրսի ուժերը՝ հայտնի երկրների ուժերը, կառուցել են մեխանիզմ։ Նորից կոչվում է Փաշինյան, բայց դա արդեն մեխանիզմ։ Այդ մեխանիզմը ծառայում է Հայաստանն ու հայ ժողովրդին ծնկի բերելու համար։ Ամենավտանգավորն այն է, որ շատ երկրներ ուշադիր նայում են այդ մեխանիզմի գործունեությանը՝ չհասկանալով, որ այդ մեխանիզմը բերելու է առաջին քրիստոնյա պետության վախճանին։
Մեր հարևան երկրները խաղաղության քողի տակ պարտադրում են մեր պետության ոչնչացման ծրագիր»։
Ս. Կարապետյանը նշեց, որ իրենք պայքարում են այդ մեխանիզմի դեմ, քանի որ բացարձակ իմաստ չկա պայքարել Փաշինյան-մարդու դեմ։
«Այս մարդու վախը բռնել են։ Անճարի կարգավիճակում վազվզում է տարբեր պետությունների առաջ ու մատուցում իր ծառայությունները՝ իշխանությունը պահելու համար։ Ինչքան կվազվզի, ինչքան կընդունեն ու կհավատան, մենք հիմա կտեսնենք»,- ասաց նա։
Ս. Կարապետյանը նաև ասաց, որ չպետք է թույլ տային Հայաստանը դարձնել հակառուսական կենտրոն. «Փաշինյանը եվրոպացիներին կարողացավ վաճառել հակառուսականությունը։ Ես չեմ հավատում, որ եվրոպական արժեքների մեջ տեղավորվում է, բայց հասկանալով Ռուսաստանի և այդ պետությունների միջև ստեղծված իրավիճակը՝ կարողացավ եվրոպացիներին վաճառել հակառուսականությունը։
Ամերիկացիներին բոլորս գիտենք՝ ինչը վաճառեց. բացեց Սյունիքի դարպասը, որն ընդամենը միջանցք է Ադրբեջանից Ադրբեջան տեղափոխվելու համար, բայց քանի որ դա ստորագրվել է ԱՄՆ նախագահի ներկայությամբ, իրենք ստիպված լռում են այս ապօրինությունների մասին, ինչը շատ վտանգավոր է։ Իսկ մենք գիտենք, որ Ամերիկայի պետության բարձրագույն արժեքը ժողովրդավարությունն է։
Մենք հրավիրելու ենք դեսպաններին, հրավիրելու ենք իրենց կառույցներին և բացատրելու՝ ինչ է կատարվում Հայաստանում»,- ասաց նա։
Ս. Կարապետյանը միաժամանակ հայտարարեց, որ համախմբված ընդդիմության խորհուրդը դիմելու է Ռուսաստանին, որպեսզի կարողանան կանգնեցնել այն պրոցեսը, որը Փաշինյանի հետ բացարձակ կապ չունի, այլ վերաբերվում է հայ ժողովրդին։
«Փորձելու ենք ամեն ինչ անել՝ հասկացնելու Ռուսաստանի իշխանություններին, որ այդ քայլերի պատճառով՝ սահմանների փակում, գյուղմթերքի ներմուծման արգելք, խնդիրներ Ռուսաստանում աշխատող հայերի, հայ գործարարների համար, տուժում է հայ ժողովուրդը և հայ բիզնեսմենը»։



