Արշակ Կարապետյանի ահազանգը․ Հայաստանը կանգնած է կործանման եզրին
ПОЛИТИКАՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Պետական կառավարման համակարգում ամենամեծ խնդիրներից մեկը հաճախ դառնում է իշխանության պահպանման ձգտումը։ Այս համոզմունքն է հայտնում «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը՝ գնահատելով Հայաստանի ներկայիս քաղաքական իրավիճակը և իշխանության վարքագիծը։
Նրա խոսքով՝ պետական բարձր պաշտոն զբաղեցնող անձինք ժամանակի ընթացքում ձևավորում են այնպիսի քաղաքական և անձնական շահեր, որոնք նրանց ավելի ու ավելի են կապում իշխանության հետ։ Արդյունքում պաշտոնից հեռանալը կամ իշխանության փոփոխությունը դառնում է չափազանց բարդ գործընթաց։
Կարապետյանի գնահատմամբ՝ այսօր երկրում ստեղծված իրավիճակից դուրս գալու հիմնական տարբերակը քաղաքական ղեկավարության ամբողջական փոփոխությունն է։ Նա կարծում է, որ վերջին ութ տարիների ընթացքում իշխանությունները սպառել են իրենց հնարավորությունները, իսկ առկա խնդիրներն այլևս հնարավոր չէ քողարկել մասնակի ձեռքբերումներով։ Նրա կարծիքով՝ առաջիկայում քաղաքացիները առավել ակնհայտորեն կզգան տնտեսական դժվարությունների ազդեցությունը։
Անդրադառնալով արտաքին տնտեսական քաղաքականությանը՝ շարժման առաջնորդը մտահոգություն հայտնեց հայկական արտադրանքի համար ավանդական շուկաների կորստի առնչությամբ։ Նա հիշեցրեց, որ Ռուսաստանի շուկան տասնամյակներ շարունակ եղել է հայկական ապրանքների հիմնական սպառողներից մեկը, և այդ ուղղությամբ առաջացած խնդիրները կարող են ունենալ երկարաժամկետ հետևանքներ։ Ըստ նրա՝ խոսքը միայն սահմանային կամ լոգիստիկ խոչընդոտների մասին չէ, այլ շուկայական դիրքերի կորստի, որոնք հետագայում վերականգնելը չափազանց դժվար կլինի։
Իր տեսակետը բացատրելու համար Արշակ Կարապետյանը օրինակ բերեց առևտրի ոլորտից՝ նշելով, որ նույնիսկ այն դեպքում, երբ որևէ արգելք չկա, գործնական պայմանները կարող են այնպես դասավորվել, որ շուկա մուտք գործելն անհնար դառնա։ Նրա համոզմամբ՝ նույն տրամաբանությունն է գործում նաև միջազգային տնտեսական հարաբերություններում։
Նա նաև քննադատեց իշխանությունների տնտեսական քաղաքականությունը՝ պնդելով, որ արտաքին շուկաների վերաբերյալ առկա պատկերացումները հաճախ մակերեսային են և չեն համապատասխանում իրական մարտահրավերներին։ Կարապետյանի գնահատմամբ՝ նման մոտեցումները կարող են երկիրը կանգնեցնել լուրջ տնտեսական խնդիրների առաջ։
Խոսելով հետագա քաղաքական քայլերի մասին՝ «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդը շեշտեց, որ ցանկացած կարևոր գործընթաց պետք է հիմնված լինի հանրային կամքի և իրավական հիմքերի վրա։ Այդ նպատակով շարժման անդամները ստորագրահավաք են անցկացնում՝ պահանջելով անվավեր ճանաչել նախորդ ընտրությունների արդյունքները։ Նրա խոսքով՝ այդ նախաձեռնությունը պետք է ցույց տա, թե որքան մեծ է հասարակության դժգոհությունը և ինչպիսի վերաբերմունք կա տեղի ունեցած գործընթացների նկատմամբ։
Արշակ Կարապետյանի գնահատմամբ՝ եթե ներկայիս միտումները շարունակվեն, Հայաստանը կարող է կանգնել լուրջ վտանգների առջև։ Նա համոզված է, որ տարածաշրջանային և աշխարհաքաղաքական զարգացումների պայմաններում երկրի շահերի պաշտպանությունը պահանջում է առավել արդյունավետ և հաշվարկված պետական քաղաքականություն։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
Հետևեք մեզ՝ այստեղ



