Ի՞նչ փաստաթուղթ է անհրաժեշտ անհետ կորած անձի ընտանիքի անդամներին կենսաթոշակ կամ նպաստ նշանակելու համար. նախագիծ. «Փաստ»
ОБЩЕСТВО«Փաստ» օրաթերթը գրում է.
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն առաջարկում է լրացումներ և փոփոխություն կատարել կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի թիվ 665‑Ն և 2014 թվականի հունիսի 26-ի թիվ 635-Ն որոշումներում։ Ներկայացվող նախագծի նպատակը 2026 թվականի մայիսի 1-ին ուժի մեջ մտած «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին ՀՕ-88-Ն և նույն ժամանակ ուժի մեջ մտած «Պետական նպաստների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին ՀՕ89-Ն օրենքի կիրարկումն ապահովելն է: «Ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված պայմաններում և հանգամանքներում անհայտ կորած անձանց մասին» օրենքի և հարակից օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատվել է վարչապետի 2026 թվականի հունիսի 5-ի թիվ 493-Ա որոշմամբ։ Նշված օրենքներով կատարված փոփոխությունների համաձայն՝ կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակի կամ նպաստի իրավունք ունեն նաև ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված պայմաններում և հանգամանքներում անհետ կորած անձի ընտանիքի՝ օրենքով սահմանված անդամները, եթե անհետ կորած անձը դատարանի վճռի հիման վրա ճանաչվել է անհայտ բացակայող: Երկու օրենքներով էլ նախատեսվել է, որ օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ընդունվում է օրենքն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում:
Կառավարության 2014 թվականի հունիսի 26-ի N 635-Ն որոշման թիվ 2 հավելվածով սահմանված է նպաստ նշանակելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը։
Անհրաժեշտ է օրենսդրությամբ սահմանել այն փաստաթղթերը, որոնց հիման վրա ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված պայմաններում և հանգամանքներում անհետ կորած անձի ընտանիքի՝ օրենքով սահմանված անդամներին կարող է նշանակվել կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ կամ նպաստ։
Ներկայացվող նախագծով առաջարկվում է սահմանել ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված պայմաններում և հանգամանքներում անհետ կորած անձի ընտանիքի անդամներին՝ կերակրողին կորցնելու դեպքում աշխատանքային կենսաթոշակ կամ կերակրողին կորցնելու դեպքում նպաստ նշանակելու համար անհրաժեշտ փաստաթուղթը, այն է՝ ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված պայմաններում և հանգամանքներում անհետ կորած անձին անհայտ բացակայող ճանաչելու մասին դատարանի վճիռը։ Նախագիծն ընդունվելու դեպքում կապահովվի 2026 թվականի մայիսի 1-ին ուժի մեջ մտած «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին ՀՕ-88-Ն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասի և «Պետական նպաստների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին ՀՕ-89-Ն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի կիրարկումը։
Նախագծի ընդունման դեպքում պետբյուջեի եկամուտները չեն ավելանա կամ նվազի։ Շահառուների թիվը կանխատեսելի չէ։ Փոքր ծավալի ծախսերը հնարավոր կլինի ֆինանսավորել սոցիալական ապահովության ոլորտին հատկացված միջոցների հաշվին։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում



