Եվրոպական 10 երկրների պատվիրակություններ ժամանելու են Հայաստան՝ Օպերային թատրոնում մասնակցելու «Դասական Եվրատեսիլ 2026»-ին
КУЛЬТУРАՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հայաստանի հանրային հեռուստաընկերության և Եվրոպական հեռարձակողների միության համագործակցության շրջանակում այս տարի «Դասական Եվրատեսիլ 2026» միջազգային մրցույթն առաջին անգամ անցկացվելու է Հայաստանում: Հունիսի 6-ին եվրոպական 10 երկրների պատվիրակություններ ժամանելու են Հայաստան և Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեծ բեմում փայլելու են իրենց տաղանդով: Մասնակից երկրներն են Հայաստանը, Բելգիան, Կիպրոսը, Չեխիան, Գերմանիան, Լատվիան, Լեհաստանը, Պորտուգալիան, Սերբիան, Շվեդիան և Շվեյցարիան:
«Դասական Եվրատեսիլ 2026» միջազգային մրցույթի մեկնարկի մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ կարևորելով միջազգային տարբեր մրցաշարեր և մշակութային միջոցառումներ Երևանում անցկացնելու փաստը, նշեց, որ «Դասական Եվրատեսիլը» կարևոր նշանակություն ունի Հայաստանը միջազգային ասպարեզում դիրքավորելու և ավելի տեսանելի դարձնելու գործում։ Հանրահռչակման առումով «Դասական Եվրատեսիլը» շարունակում է Հայաստանի Հանրապետության մշակութային ռազմավարությունը և թույլ է տալիս պատվիրակություններին ու զբոսաշրջիկներին ներկայացնել Հայաստանի մշակութային առավել լայն ժառանգությունը։

Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը նշեց, որ հունիսի 6-ին կայանալիք մրցույթի շրջանակում բուն համերգից բացի սպասվում են մի շարք այլ միջոցառումներ։ Ներկայացվեցին նաև մրցույթի բրենդինգը, մասնակցող երկրների ցանկը և մրցույթի շրջանակում Հայաստանում կատարվող աշխատանքները։
Հիշեցնենք՝ «Դասական Եվրատեսիլ 2026»-ի բրենդինգի ոգեշնչման աղբյուրը Մինաս Ավետիսյանի «Ջաջուռ» կտավն է: Հունիսի 6-ի ընտրությունը ևս խորհրդանշական է, քանի որ այդ օրը հայ մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան օրն է։ Բրենդինգում օգտագործված նոտաները վերցված են նրա աշխարհահռչակ «Դիմակահանդես» ստեղծագործությունից՝ ընդգծելով հայկական դասական երաժշտության կարևորությունն ու միջազգային ներկայությունը։
«Դասական Եվրատեսիլի» գլխավոր խորհրդանիշ հանդիսացող թավջութակը նույնպես ներկայացվել է հայկական մշակութային շեշտադրումներով՝ համադրելով Մինաս Ավետիսյանի գունային աշխարհն ու ազգային մոտիվները։
Մրցույթի կարգախոսն է՝ «Հայաստան. Վայր, որտեղ դասական երաժշտությունը միավորում է»։ Այս ուղերձով Հայաստանը ներկայանում է որպես մշակույթի, արվեստի և դասական երաժշտության միավորման հարթակ։
Հետևեք մեզ՝ այստեղ



