Ինչպես հասկանալ, որ սիրահարվել ես
ЛАЙФԵթե կնոջ գլխում գոնե մեկ անգամ առաջացել է այս հարցը, ուրեմն հեռու չէ այն պահը, երբ նա կասի. <Այո, ես սիրահարվել եմ>: Ինչպես հասկանալ, որ սիրո նետն արդեն խոցել է սիրտդ և ինչպես իմանալ՝ դուր ես գալիս արդյոք նրան:

Եվ այսպես, դու սիրահարված ես, եթե.
1. Նրա կողքին սկսում ես հաճախակի և նյարդային ժպտալ, չես կարողանում զրույցի թեմա գտնել, չգիտես՝ որտեղ դնել ձեռքերդ և ընդհանրապես, քեզ տարօրինակ ես պահում: Դրա պատճառն այն է, որ շատ ես ցանկանում լավ տպավորություն թողնել ընտրյալիդ վրա: Խորհուրդ. կարող ես նախապատրաստել զրուցելու մեկ-երկու թեմա: Իհարկե, պետք չէ սցենար գրել և փորձեր անել հայելու առջև:
2. Իմանալով, որ այդ տղամարդն իր ժամանակն անցկացնելու է այնտեղ, որտեղ դու, անհաղթահարելի ցանկություն ես ունենում երկար-բարակ զգեստ ընտրել և ավելի շատ ժամանակ տրամադրել դիմահարդարմանը: Խորհուրդ. մի տարվիր քեզ ոչ բնորոշ կերպար ստեղծելով: Եթե ծիծաղկոտ և ուրախ անձնավորություն ես, պետք չէ վամպիր-կնոջ կերպարի մեջ մտնել, քանի որ քեզ ոչ բնորոշ կերպարը միայն հոգեբանական դիսկոմֆորտ կառաջացնի և արհեստականության կնիք կդնի քո վարքագծի վրա: Մնա այնպիսին, ինչպիսին կաս:
3. Եթե անկեղծորեն չես հասկանում, թե շրջապատին ինչու դուր չի գալիս, երբ արդեն հարյուրքսաներորդ անգամ քննարկում և գովերգում ես ընտրյալիդ արտաքինը, այս կամ այն արարքը, խոսքը և այլն: Մինչդեռ քեզ համար չկա ավելի հետաքրքիր և կարևոր թեմա զրուցելու համար: Խորհուրդ. չի կարելի ծայրահեղությունների մեջ ընկնել և հոգնեցնել մտերիմներին: Զսպվածությունը լավ հատկանիշ է:

4. Եթե ենթագիտակցաբար հավաքում ես քեզ դուր եկած տղամարդու վերաբերյալ ցանկացած հասանելի ինֆորմացիա: Ընդ որում, խնամքով պահում ես այդ փաստերը և պարբերաբար՝ հիմնականում քնելուց առաջ, դուրս ես բերում դրանք քո սիրահարված երևակայությունից, որպեսզի պատկերացնես քեզ նրա կողքին: Խորհուրդ. մտքերը նյութական են: Զգուշացիր քո երազանքներից:
5. Յուրաքանչյուր հայացքում, ժեստում, խոսքում փնտրում ես քո հանդեպ հատուկ վերաբերմունքի նշաններ: Խորհուրդ. ընտրիր ամենասթափ դատող ընկերուհուց և խնդրիր
օբյեկտիվորեն գնահատել այդ տղամարդու վերաբերմունքը քո հանդեպ: Հնարավոր է՝ նման բան բոլորովին չկա:

6. Եթե ցանկացած պատահական լսված խոսք, գովազդ, գրքի սյուժե ասոցացնում ես քեզ դուր եկած տղամարդու հետ, ընդ որում, դա գնահատում ես որպես նախանշան, որ դուք միասին եք լինելու: Խորհուրդ. դա իրադարձությունների ծրագրավորման մեխանիզմներից մեկն է, հավատալը վնաս չէ:
7. Եթե քո ցանկությունների օբյեկտի անունը քեզ չափազանց քաղցր է թվում, հատկապես որ նախկինում այն քեզ բոլորովին դուր չէր գալիս:
8. Եթե կարող ես առանց հոգնելու ժամերով նայել նրա լուսանկարին:
9. Եթե ավելի ցրված ես դարձել և հաճախ գործով զբաղվելու փոխարեն տարվում ես ռոմանտիկ մտքերով: Խորհուրդ. ինքդ քո դեմ պայքարելն անիմաստ է, սակայն եթե կարևոր գործեր կան, երազելը կարելի է հետաձգել:
10. Եթե նախկինում սարսափ ֆիլմերի կամ դետեկտիվ կատակերգությունների սիրահար էիր, ապա այժմ ընթերցում և դիտում ես միայն սիրային պատմություններ՝ արտասվախառը երեկոներ անցկացնելով սիրելի հերոսների հետ միասին: Խորհուրդ. դիտիր այն ֆիլմը, որն ուզում ես դիտել այդ պահին, վայելիր քո զգացմունքը. այն հիանալի է:
Եթե առնվազն չորս իրավիճակներում ճանաչեցիր ինքդ քեզ, ուրեմն վերջնական ախտորոշումը սիրահարվածությունն է:
Սիրում է-չի սիրում կամ ինչպես հասկանալ, որ դուր ես գալիս նրան
1. Նախ և առաջ քեզ հետ զրուցելիս նա նայում է միայն աչքերիդ:
2. Երկրորդ՝ հարմար առիթը չի կորցնում քեզ հպվելու համար: Ընդ որում, նա դա կարող է անել ենթագիտակցաբար՝ առանց իրեն հաշիվ տալու:
3. Նա փնտրում է այնպիսի իրավիճակներ կամ ստեղծում է դրանք, որպեսզի օգնի ու աջակցի քեզ:
4. Սիրահարված լինելու նշան է նաև տղամարդու խանդը, ինչպես նաև քեզ ծիծաղեցնելու հաճախակի փորձերը:



