Ի՞նչ են քննարկել Անվտանգության խորհրդում
АНАЛИТИКАՀայաստանի անվտանգության խորհուրդը երեկ նիստ է անցկացրել՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ Վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ նիստին, բացի Անվտանգության խորհրդի անդամներից, մասնակցել են նաև նախագահ Վահագն Խաչատուրյանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։
Ըստ պաշտոնական հաղորդագրության, նիստի ընթացքում քննարկվել են խորհրդի իրավասության ընթացիկ հարցեր։ Մեր աղբյուրների փոխանցմամբ, այլ հարցեր էլ են քննարկել՝ կապված առաջիկա խորհրդարանական ընտրությունների հետ։ Մասնավորապես, Փաշինյանին խիստ մտահոգում է ռուսական հեռուստաալիքների, տելեգրամյան և այլ ալիքների ակտիվությունը ընտրություններից առաջ։
Նա ԱԽ անդամ ուժայիններին հանձնարարել է ակտիվացնել քրեական վարույթների հարուցումն ու անխտիր ձերբակալել բոլորին, ովքեր վտանգ են սպառնում։ ԲՏԱ նախարարին էլ հանձնարարվել է ուշադիր լինել ռուսական ալիքներին, նաև սոցիալական ցանցերին, կանխել իրենց դեմ հակաքարոզչությունը, ակտիվ աշխատել Meta ընկերության հետ։
Վերջերս ամերիկյան երկու սենատորներ դիմել էին Մարկ Ցուկերբերգին՝ կոչ անելով հեռացնել ռուսական հետք ունեցող հազարավոր էջերը, որոնք իբր «հիբրիդային պատերազմ» են մղում ՀՀ իշխանությունների դեմ։ Եվ այս հանգամանքից օգտվելով էլ Փաշինյանը հանձնարարել է կազմել այդպիսի էջերի ցանկն ու ուղարկել Meta-ին՝ արգելափակելու համար։
Աննա Մարգարյան



