Դիտորդականի փոխարեն հիբրիդային առաքելություն կլինի
АНАЛИТИКАԵվրամիության արտգործնախարարները հաստատել են Հայաստանում նոր քաղաքացիական առաքելությունը, որը պետք է օգնի Հայաստանի իշխանություններին պայքարել հիբրիդային սպառնալիքների, ընտրական գործընթացների, օտարերկրյա մանիպուլյացիաների, կիբերհարձակումների և անօրինական քաղաքական ֆինանսավորման դեմ։
Ըստ որոշման՝ նոր առաքելությունը կսկսի գործել առաջիկա ամիսներին, կունենա երկու տարվա մանդատ և կկոչվի «Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության գործընկերության առաքելություն» (EUPM Armenia)։ Դեռևս անցած տարվա դեկտեմբերին Հայաստանի իշխանություններն էին դիմել Եվրամիությանը՝ նման առաքելություն Հայաստան ուղարկելու համար։ Նոր առաքելությունը փոխարինելու է 2023 թ․-ից գործող դիտորդական առաքելությանը, որը զբաղվում էր Հայաստանի և Ադրբեջանի սահմանը դիտարկելու գործողությամբ։
Դրա մանդատն ավարտվում է 2027 թվականի սկզբին և, ըստ ամենայնի, այլևս չի երկարաձգվի։ Դա նաև Ադրբեջանի պահանջն է՝ Հայաստանի սահմաններից հեռացնել օտարերկրյա դիտորդներին և, իբր, օտարերկրյա ուժերին։ Ադրբեջանը միշտ է հանդես եկել Եվրամիության դիտորդական առաքելության դեմ, և Հայաստանի իշխանություններն էլ, ըստ էության, խաղում են Ադրբեջանի խաղը՝ կատարելով նրանց պահանջները։ Արդյունքում 200 հոգանոց դիտորդական առաքելության փոխարեն կլինի մոտ 3 տասնյակ ներկայացուցիչներով այլ առաքելություն, որը պարզապես տեղակայվելու է Երևանում և գործելու է Հայաստանի իշխանությունների հետ սերտ համագործակցությամբ։
Սոնա Գալստյան



